Նորություններ

Լավ նպատակը, հետագայում բերում է վատ արդյունքի․ «12-ամյա պարտադիր կրթությունը չի մարսվում»

Կրթություն ստանալը ցանկացած մարդու հիմնարար իրավունքն է, որն ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ։ Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: Յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Ոչ պետական ուսումնական հաստատությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Հայաստանում կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն զարգացման, մարդկային կապիտալի պահպանման ու վերարտադրության նախապայմաններից մեկը։ Ինչպիսի՞ն է կրթական համակարգը Հայաստանում, որո՞նք են ոլորտի մարտահրավերները ու արդի կրթական պահանջները։ Այս հրատապ հարցերի շուրջ այսօր քննարկում էր։ Քննարկման ընթացքում բանախոսները խոսեցին կրթական համակարգի բացթողումներից, առանձնահատկություններից, կրթական համակարգի լուրջ մարտահրավեր համարեցին՝ 12-ամյա պարտադիր կրթությունը։

Հիշեցնենք, որ 12-ամյա պարտադիր կրթության մասին օրենքը 2017 թ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել։ Մինչ սույն օրենքի ուժի մեջ մտնելը՝ պարտադիր էր 9-ամյա կրթությունը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ասում է. «12-ամյա պարտադիր կրթությունը, ռիսկային որոշում էր։ Ստացվում է, որ աշակերտին պարտադրաբար պահում ենք դպրոցում, մինչդեռ շատերին պետք էլ չէ կրթությունը, որովհետեւ աշակերտներ կան, որ հետագայում ուսումը չեն շարունակելու։ Պետությունը տրամադրում է գումար, որ ապահովվի տասներկուամյա պարտադիր կրթություն։ Պարտադիր համակարգը իրեն չի արդարացնում և լավ նպատակը հետագայում բերում է վատ արդյունքի»։

Կառնուտի միջնակարգ դպրոցի մանկավարժ Աբրահամ Ավագյանը ասում է. «Կրթության համակարգի մարտահրավերը 12-ամյա կրթությունն է, առարկաների խիտ ցանկն է։ «12-ամյա պարտադիր կրթությունը չի մարսվում»։ Երիտասարդ ուսուցիչը առաջարկում է կրթական համակարգ մշակելիս ոչ թե ուրիշի կրթական համակարգի մոդելից օգտվել, այլ ստեղծել սեփականը։ Ավագյանը մատնանշում է Ֆիննական կրթական համակարգը, որը հենց սեփական մշակման արդյունք է։

Գյումրու թիվ 1 դպրոցի տնօրեն ՝ Նաիրա Թադևոսյանը խոսում է կրթության մարտահրավերների, կրթական արդի պահանջների մասի։ Թադևոսյանը իր խոսքում ասում է .«Կրթությունը առանձին օղակ չէ և մենք իրավունք չունենք անընդհատ քննադատաբար նայելու կրթական համակարգին։

Կրթության ամենամեծ մարտահրավերը այն է, որ հավաքական մանկավարժի կերպարը դարձավ խոցելի։ Հասարակության մեջ մանկավարժը շահեկան դիրքում չէ»։

Ավելին
Back to top button
Close