Նորություններ

Գնդակը բացառապես իշխանության դաշտում է, իշխանությունը պետք է լույս սփռի այս զարգացումների վրա. ԲՀԿ պատգամավորները՝ Վանեցյանի հրաժարականի մասին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն, անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին, նշեց, որ ակնարկների վրա հիմնված դատողություններ անելն ամենալավ ճանապարհը չէ։ Խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ հավելեց, որ առայժմ հայտարարությունները բացված չեն, ըստ այդմ՝ դժվար է գնահատական տալ ներիշխանական զարգացումներին:

«Կարծում եմ՝ գնդակը բացառապես իշխանության դաշտում է, իշխանությունը պետք է լույս սփռի այս զարգացումների վրա»,- նշեց Տոնոյանը:

Նա նաև հավելեց, որ Արթուր Վանեցյանի գործունեության շուրջ իրենց խմբակցության վերաբերմունքն այս մեկուկես տարում ամեն դեպքում բացասական չէ։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության կողմից Սահմանադրական դատարանի անդամներից մեկի՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ լիազորությունները դադարեցնելու գործընթացին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ընդգծեց, որ իրենք այդպիսի նախաձեռնությունների չեն միանում:

««Իմ քայլը» պարտավոր է ՀՀ օրենքի համաձայն ներկայացնել այդ նախաձեռնությունը։ Թե ինչպիսի որոշում կկայացնի ՍԴ-ն, իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել։ Այսպիսի կարծիքներն ավելի շատ կարող եմ գնահատել որպես դատարանի նկատմամբ ճնշում»,- ասաց պատգամավորը։

Խմբակցության պատգամավորներից Արման Աբովյանն իր հերթին նկատեց, որ Հրայր Թովմասյանին աշխատանքից ազատելու գործընթացը պետք է լինի բացառապես իրավական դաշտում։

Ավելին
Back to top button
Close