Նորություններ

«Բաց թողնել, կալանավորել, բաց թողնել, նորից կալանավորելով մենք ապացուցում ենք, թե ինչքան տխուր վիճակում է մեր իրավական համակարգը». Պարգև Օհանյան

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատաքննության, դատարանի կողմից վաղը կայացվելիք որոշման, նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ԳԱԼԱ-ն զրուցել է «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգև Օհանյանի հետ:

-Պարոն Օհանյան, դատարանը վաղը կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Ըստ Ձեզ, ամեն դեպքում ի՞նչ որոշում կկայացնի դատարանը, կփոխի՞ խափանման միջոցը, թե՞ ոչ:

-ՍԴ որոշումն այնքան անկանխատեսելի և անորոշ որոշում է, որ նույնիսկ չեմ պատկերացնում, թե ՍԴ որոշումն ինչպես պետք է կապեն խափանման միջոցի հետ, և եթե անգամ խափանման միջոցը փոխեն, միևնույն է, իմ խորին համոզմամբ, դա քրեական հետապնդումը բացառող հանգամանք չի կարող լինել, այսինքն կարող են զուտ փոխել, ինչպես արդեն որերորդ անգամ է լինում: Ամոթ է, պարզապես կարծես խաղալիք լինի մարդ, մենք, երկիրը, բոլորս՝ սկսած Քոչարյանից, վերջացրած տուժողներով: Բաց թողնել, կալանավորել, բաց թողնել, նորից կալանավորելով մենք ապացուցում ենք, թե ինչքան տխուր վիճակում է մեր իրավական համակարգը և որ, ցավոք, շատ հեռու է իրավական պետություն լինելուց: Առայժմ ոչ մի քայլ չի արվում այս ուղղությամբ, թերևս, համոզված եմ, որ ցանկությունը կա:

-Խափանման միջոցի փոփոխման դեպքում քրեական գործի բացահայտումը Ձեր կարծիքով կտուժի՞:

-Ես կարծում եմ, որ դրանից աշխարհը չի քանդվի: Յուրաքանչյուր խափանման միջոցի դեպքում տեսականորեն առկա է ստորագրություն չհեռանալու մասին: Սա հերիք է, որ սահմանափակվի ազատ տեղաշարժվելու անձի սահմանադրական իրավունքը, այսինքն հանրապետությունից բացակայելը կբացառվի: Հնարավոր է նաև պարզապես օպերատիվ կարգով հետևել, որը օրենքի խախտում չէ: Անգամ եթե արձանագրվի կամ պարզվի, որ ինչ-որ մի փորձ է արվում խոչընդոտելու գործի քննությանը, որևէ վկայի վրա ազդեցություն գործադրելով՝ այդ բոլորն օգտագործվելու է իր դեմ և նորից հիմք, որպեսզի խափանման միջոցը փոխվի: Այնպես որ, ինձ համար սա էական չէ:

-ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտարարությամբ հանդես եկավ՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակին, նշելով, որ այս պաշտոնում Հրայր Թովմասյանի մինչև 2035 թվականը նախատեսվող պաշտոնավարումը, ըստ էության, ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել է: Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական ուժի կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաև ոտնձգություն ՍԴ ինքնավարության դեմ:

-Այստեղ կա ճշմարտություն, մնում է, որպեսզի հարցին լուծում տրվի, մնացածը, ուզենք թե չուզենք, քաղաքական գործոնի խնդիր է, որտեղ վերջին հաշվով լուծման տարբերակները կապված են քաղաքական ուժերի քաղաքական կամքի հետ:

-Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Մարտի 1-ի գործին, նշել է, որ եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, իրենց իշխանության պատասխանատվությունն այդտեղ չկա: Այս հայտարարությունից հետո Միրզոյանը և իշխանությունները հայտնվել են քննադատության թիրախում: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Տեսականորեն, իհարկե, չի կրում և չի կրելու և նույնիսկ գործնականում էլ չի կրի, բայց այլ հարց է, թե ինչ հասարակական կարծիք կձևավորվի, և ես չեմ կարծում, որ դա իշխանություններին չի հուզում: Պարզ է, որ սա այն գործն է, որ հուզում է, որովհետև կապված է այս կամ այն կերպ բոլորի հետ: Այս առումով այս հարցի հանդեպ չի կարող լինել անտարբերություն, անգամ եթե դրա անունը դնենք քաղաքական կամ իշխանական անտարբերություն: Ինչ վերաբերում է տեսականորեն պատասխանատվությանը, ապա ԱԺ-ը կամ գործադիր իշխանությունը դատական իշխանության գործողությունների համար պատասխանատվություն չի կրում:

— Մարտի 1-ի գործի քննության ընթացքը Ձեզ՝ որպես նախկին դատավորի, գոհացնո՞ւմ է, թե՞ ոչ:

-Ես ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց, սակայն մի բան կարող եմ ասել, որ որպես քաղաքակիրթ պետություն յուրաքանչյուր գործ և հատկապես նմանօրինակ գործերը պիտի շատ կարճ ժամկետներում մտնեն դատարան, և առանց ավելորդ քաշքշուկների և ձևականությունների պետք է անցել ըստ էության գործի քննությանը՝ կայացնելով արդարադատություն: Իսկ այս կերպ, նորից եմ ասում, խափանման միջոցը փոխելով, հետո նորից կալանավորելով, գնալ-գալով, բացարկ հայտնելով, նոր հիմքով միջնորդություն ներկայացնելով՝ դոփում ենք տեղում: Սա ուղղակի մեր անառողջ դատական պրակտիկան է, նաև, ինչու չէ, մեծապես օրենսդրության բացերն են:

Ալինա Սիմոնյան

Ավելին
Back to top button
Close