Նորություններ

«Վանեցյանը եղել և մնալու է իմ ընկերը նաև այսուհետ, միշտ». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին իմացել է մամուլից և տեղեկություններ չունի, թե որը կարող էր լինել Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենից հեռանալու կամ նրան այդ պաշտոնից հեռացնելու վարչապետի հրահանգի պատճառը:

«Խոսակցությունների բովանդակությունն ինձ որևիցե մեկը ոչ զեկուցում է, ոչ էլ տեղյակ է պահում: Որևիցե մեկի հետ չեմ խոսել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Արթուր Վանեցյանն իր հայտարարությունում ասում է, որ պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի: Ապա հավելում, որ սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ «Իմ հրաժարականը թող լինի «կա՛նգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- ասում է ԱԱԾ նախկին տնօրենն իր հայտարարությունում: Արդյո՞ք քննադատական տարրեր պարունակում էր Վանեցյանի հայտարարությունը և եթե այո, ապա ո՞ւմ է ուղղված քննադատությունը: Ալեն Սիմոնյանը զերծ մնաց կարծիք արտահայտելուց: Ասաց, որ ցանկություն չունի մեկնաբանելու:

Հայտնի է, որ Ալեն Սիմոնյանն ու Արթուր Վանեցյանը մտերիմ ընկերներ էին: Վանեցյանը շարունակո՞ւմ է մնալ իր ընկերներից մեկը՝ հարցրինք Ալեն Սիմոնյանին: Վերջինս պատասխանեց. «Եղել և մնալու է իմ ընկերը նաև այսուհետ, միշտ»:

Ավելին
Back to top button
Close