Նորություններ

Ղազախստանում գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ

Կիրակի Ղազախստանի Ալմա Ատայի շրջանի Շամալգան կայարանում ավտոբուսի վարորդը դուրս է եկել երկաթուղու վրա, որտեղ բախվել է գնացքի հետ:

NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ղազախստանի ինդուստրիայի եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարության մամուլի ծառայությաւնը:

«Օգոստոսի 15-ին, շուրջ 19.20-ին Եկատերինբուրգ-Ալմա Ատա ավտոճանապարհին՝ Շամալգան կայարանի մոտակայքում, ավտոբուսի վարորդը, չնայած ազդանշաններին, դուրս է եկել երկաթգծի վրա, ինչի հետեւանքով գնացքը բախվել է ավտոբուսին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հանրապետության նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հայտնել է, որ, ըստ ճշտված տվյալների, զոհվել է մեկ մարդ, կան տուժածներ: «Ավտոբուսում գտնվել է 67 մարդ: Կա մեկ զոհ եւ վիրավորներ: Իմ խորին ցավակցությունները: Սկսվել է հետաքննություն»,-գրել է Տոկաեւը թվիթերյան իր էջում: Ղազախստանի մամուլի ծառայությունում հայտնել են, որ զոհվել է ավտոբուսի վարորդը:

ՆԳՆ-ի տվյալերով՝ ավտոբուսի երեք ուղեւորներ, այդ թվում՝ երկու երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: «Դեպքի վայրում աշխատում է փորձառու աշխատակիցներից կազմված օպերատիվ քննչական խումբը: Դեպքի առթիվ նշանակվել է նախադատական հետաքննություն»,-պարզաբանել են մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ Ղազախստանի Ալմա Ատայի շրջանի ադմինիստրացիան հաղորդել էր պատահարի հետեւանքով երկու զոհերի մասին: Համաձայն վերջին ճշտված տեղեկությունների՝ զոհվել է մեկ, տուժել՝ ինը մարդ:

Քաղաքացիական պաշտպանության մարմինները ստեղծել են օպերատիվ շտաբ դեպքի կապակցությամբ, լրագրողներին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ-ի Արտակարգ դեպքերի հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նուլսուլթան Նուհամետովը:

Ավելին
Back to top button
Close