Նորություններ

Ստամբուլյան կոնվենցիա. պարտադրա՞նք, անհրաժեշտությո՞ւն, թե՞ պետական «գրանտ». քննարկում

Սոցիալական ցանցերում և այլ հարթակներում արդեն տևական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան՝ Ստամբուլյան կոնվենցիան, որը հասարակության մեջ առաջացրել է տարակարծություն։ Մարդիկ բաժանվել են դեմ, կողմ ճակատների, բայց կարծիքների մեջ երբեմն չկա հիմնավորում՝ դեմ եմ ինչո՞ւ, կողմ եմ ինչո՞ւ։ Հասարակության մի մասը պնդում է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մեր ազգային արժեհամակարգին և չի կարող վավերացվել:

Գյումրիում՝ Երկխոսության մեդիա կենտրոնում, քննարկում էր՝ «Ստամբուլյան կոնվենցիա. պարդադրա՞նք, թե՞ անհրաժեշտություն։ Ի՞նչ կշահի մեր երկիրը կոնվենցիայի վավերացմամբ և ի՞նչ կկորցնի հակառակ պարագայում» թեմայի շուրջ։ Քննարկմանը ներկա բանախոսներն անդրադարձան կոնվենցիայի կետերին և դրույթներին, սեփական դիտարկումներն արեցին։ Նրանց կարծիքով Ստամբուլյան կոնվենցիան ավելի շատ պարտադրանք է, քան անհրաժեշտություն։

«Ստամբուլյան կոնվենցիան իր մեջ պարունակում է մարտահրավերներ, որոնք կարելի է բաժանել 3 խմբի՝

  • ազգային նկարագրի արժեզրկում, այսինքն՝ արժեզրկել այն, ինչն ազգային է համարվում,
  • ինքնության խարխլում,
  • պետական սուվերենության սահմանափակում։

Ըստ այդմ՝ ես Ստամբուլյան կոնվենցիան դիտարկում եմ՝ որպես պարտադրանք»,- ասում է «Ազգային արժեք ակումբ»-ի անդամ Արմեն Ներսիսյանը:

Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցուց Արմեն սարկավագ Իսահակյանն ասում է. «Հայը իր համար ունի ընտանիք մոդելի պատկերացումները, չեմ կարծում, որ կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը կա»։

Նա անդրադարձավ Ստամբուլյան կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետին, որտեղ որպես ընտանեկան բռնության տարատեսակ նշված է բռնությունը զուգընկերների միջև։

«Նշված կետի համաձայն՝ «ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև, անկախ նրանից, թե արդյոք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում։ Այս կետը շատ վտանգավոր է, որը խարխլում է ընտանիքի մոդելը,- ասում է սարկավագը։ -Սրանից հետևում է, որ՝

ա) Կոնվենցիայի իմաստով ընտանեկան բռնության սուբյեկտներ-զուգընկերներ կարող են լինել նաև ՆՈՒՅՆ սեռին պատկանող, ինչպես նաև մերձավոր ազգական հանդիսացող անձինք,

բ) ընտանիք է համարվում նաև ոչ ամուսնական կապերի վրա հիմնված անձանց համակեցությունը: Նշված իրավադրույթն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասին առ այն, որ՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով: Այսինքն՝ Սահմանադրության իմաստով ընտանիք է համարվում արական և իգական սեռի անձանց ամուսնական միությունը, եթե պահպանվել են ամուսնական տարիքին և ամուսնության կարգին վերաբերող օրենսդրական պահանջները: ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը, ի կատարումն Սահմանադրության նշյալ պահանջի, սահմանում է ամուսնության կնքման թե՛ պոզիտիվ և թե՛ նեգատիվ պայմանները (ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքները): Ընդ որում, Սահմանադրության 35-րդ հոդվածի տառին և ոգուն համապատասխան՝ Ընտանեկան օրենսգրքով հստակորեն ընդգծվում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ կամավոր միությունն է, և արգելվում է մերձավոր ազգականների միջև ամուսնությունը: Ավելին՝ Ընտանեկան օրենսգրքի հետագա շարադրանքում հստակորեն տարանջատվում է նաև երեխայի ծնողների սեռային պատկանելությունը՝ բացառելով նույնասեռ անձանց կողմից երեխայի որդեգրման հնարավորությունը: Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ ակնհայտ է դառնում, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասին»:

 

Փաստաբան Հայկ Հարությունյանն ասում է, որ այն մարմինները, որոնք կողմ են Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը և վավերացմանը, նշում են, որ սա ընդամենը փաստաթուղթ է, որը բռնությանը դեմ է՝ ընտանիքի ներսում, կանանց և երեխաների նկատմամբ։ Ցանկացած ադեկվատ մարդ դեմ է բռնությանը, և ցանկացած բռնություն կատարած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այս բոլոր կետերն ամրագրված է թե՛ Սահմանադրության մեջ, թե՛ քրեական օրենսգրքում, նաև վերջին մեկ տարում ընդունած օրենքը իր դրույթներով՝ «Ընտանեկան բռնության մասին»։

«Օրենքը լավն է իր դրույթներով, բայց ոչ լիարժեք կիրառելի»,- ասում է փաստաբանը։ Հայկ Հարությունյանը ևս անդրադարձավ կոնվենցիայի վտանգավոր կետերին։ Ընդգծեց, որ կոնվենցիայում լավ կետեր ևս կան, բայց ընդամենը փաթեթավորում են հանդիսանում՝ մյուս կետերի համար։ «Ստամբուլյան կոնվենցիա»-ի վավերացման դեպքում Հայաստանը կշահի այնքանով, որ Եվրոպան Հայաստանին կփոխանցի գումար, տվյալ օրենսդրական մեխանիզմն աշխատեցնելու համար։

Ավելին
Back to top button
Close