Նորություններ

ԱԳՆ գլխավոր քարտուղարի աշխատանքային այցը Նիդերլանդների Թագավորություն

Աշխատանքային այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոկա Բրանդտի հետ:

Հանդիպումը մեկնարկեց ՀՀ և ՆԹ ԱԳ նախարարությունների միջև դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական կետերի աշխատակիցների ընտանիքի անդամների՝ ընդունող երկրում աշխատանքի իրավունքի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:

Հանդիպմանը Վահագն Մելիքյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումների շարունակական ծրագիրը՝ անդրադարձ կատարելով օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական կառույցների ամրապնդմանն ուղղված քայլերին։

Իր հերթին ողջունելով Հայաստանում ժողովրդավարության լիարժեք կայացմանն ուղղված հայկական կողմի ջանքերը՝ Յոկա Բրանդտն ընդգծեց հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերությունների ակտիվացումը և առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան հանդիպումների կարևորությունը։ Երկուստեք վերահաստատվեց քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման և հետագա խորացման պատրաստակամությունը։

Այնուհետև Վահագն Մելիքյանը շրջայց կատարեց Նիդերլանդների արտգործնախարարությունում, ծանոթացավ համակարգում ընթացող տեխնոլոգիական բարեփոխումներին և կիրառվող նորարարական լուծումներին, այցելեց ԱԳՆ տեղեկատվական կենտրոն, հանդիպեց ԱԳՆ թվային ծառայության տնօրենի, հաղորդակցության և հանրային դիվանագիտության վարչության պետի հետ։

Նույն օրը ԱԳՆ գլխավոր քարտուղարն այցելեց Նիդերլանդների միջազգային հարաբերությունների «Կլինգենդայլ» ինստիտուտ, որտեղ հանդիպեց գիտակրթական հաստատության տնօրեն Ռոն Թոնին։

Վահագն Մելիքյանը Ռոն Թոնին հանձնեց «Կլինգեդայլին» ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրամանով շնորհված ԱԳՆ առաջին աստիճանի պատվո մեդալ՝ ի գնահատումն շուրջ 30 տարի հայ դիվանագետների համար կազմակերպվող օրինակելի վերապատրաստման ծրագրերի: ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ այս տասնամյակների ընթացքում Կլինգենդայլում վերապատրաստված դիվանագետներից շատերը դարձել են դեսպաններ և բարձրաստիճան պաշտոնյաներ ԱԳՆ-ում ու ՀՀ կառավարության այլ հաստատություններում՝ ընդգծելով, որ բարձր է գնահատվում նաև կրթօջախի համագործակցությունը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի հետ:

Զրուցակիցները խոսեցին համագործակցության շրջանակներում ներկայումս իրականացվող ծրագրերի և գործընկությունը խորացնելու հեռանկարների մասին, ինչպես նաև կիսվեցին դիվանագիտության ու միջազգային հարաբերությունների ուղղությամբ կրթական ծրագրերի ոլորտում առկա փորձով:

Այցի շրջանակներում Վահագն Մելիքյանը մասնակցեց նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած ընդունելությանը, որին ներկա էին Նիդերլանդների ԱԳՆ պաշտոնյաներ, Հաագայում տեղակայված միջազգային կազմակերպությունների և դատական ատյանների աշխատակիցներ, հոգևոր, գործարար և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

Միջոցառմանը Վահագն Մելիքյանը ՀՀ վարչապետի անունից շնորհակալագրեր հանձնեց «Աբովյան» միության նախագահ Մաթո Հախվերդին՝ «Աբովյանի» հիմնադրման 35-րդ տարեդարձի, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար, և «Պայնակերը օգնում է Հայաստանին» հիմնադրամի ղեկավարությանը` բարեգործական երկարամյա ու արդյունավետ գործունեության համար: ԱԳՆ Պատվո մեդալներ հանձնվեցին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստին՝ Նիդերլանդների պետական կառույցներում հայ ժողովրդի շահերի պաշտպանության և Նիդերլանդների Թագավորության խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ծավալած արդունավետ գործունեության համար։

Վահագն Մելիքյանը ԱԳՆ Պատվո մեդալ հանձնեց նաև Հայաստանում Նիդերլանդների նախկին դեսպան Յոս Դաումային՝ հայ-հոլանդական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների և ջանքերի համար։

Ավելին
Back to top button
Close