Նորություններ

Բարոյական պատասխանատվություն իշխանությունը կրում է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին նիստը:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, խոսելով դատական գործընթացի մասին, նշեց, որ գոնե այս պահին ինքը որևէ հիմք չունի դժգոհելու դատական գործընթացից:

Ըստ Մեհրաբյանի՝ խափանման միջոցի փոփոխման հիմքեր չկան:

«Ես հակված եմ կարծելու, որ դատարանը խափանման միջոցը կթողնի անփոփոխ, և Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այն ճիշտ է, որովհետև դատական գործընթացն անխոչընդոտ անցնելու համար Քոչարյանը պետք է այդ ընթացքում, այո, մնա կալանքի տակ, որովհետև կալանքի տակ չլինելով՝ խոչընդոտելու է և ճնշումներ է գործադրելու»:

Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, իրենց իշխանության պատասխանատվությունն այդտեղ չկա, քաղաքագետն ընդգծեց.

«Իհարկե դե յուրե պատասխանատվություն գուցե և չկրեն, բայց բարոյական պատասխանատվություն, այնուամենայնիվ, կրելու են: Համենայնդեպս հասարակական ընկալման մեջ, այո, այդ պատասխանատվությունը լինելու է»:

Շարունակելով իր խոսքը՝ Մեհրաբյանը հավելեց՝ սա ավելի շատ քաղաքական հայտարարություն է՝ պայմանավորված պարոն Միրզոյանի պաշտոնով, քան արտացոլում է ողջ իրականությունը:

«Բայց և երկրորդը, ես կարծում եմ՝ Արարատ Միրզոյանը սա ասաց առերևույթ անաչառության, իշխանության քաղաքական կամքը՝ չմիջամտելու դատավորների և դատարանի աշխատանքին, ընդգծելու համար»:

Ռուբեն Մեհրաբյանը կարևորում է նաև դատախազության գործունեությունը՝ շեշտելով, որ դատախազությունը միշտ պետք է մնա իր բարձրության վրա:

«Գոնե այս պահին դատելով առաջին դատական նիստից՝ ես տպավորություն ստացա, որ այս իմաստով դատախազությունն իր պարտականությունները լավագույնս կատարել է, մնացածը կախված է դատարանի որոշումից, որի մասին մենք կիմանանք մի քանի օրից»,- ասաց քաղաքագետը:

Ավելին
Back to top button
Close