ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Մարտի 1-ի ոճրագործներին պատժելու ճանապարհը փակելու հիմնական պատասխանատվությունը կրելու է այսօրվա իշխանությունը». Լևոն Զուրաբյան

«Մարտի 1-ի գործը իրականում շատ պարզ գործ է: Ռոբերտ Քոչարյանը 10 տարի զբաղվել է ժողովրդի թալանով, ժողովրդին հարստահարելով, բազմաթիվ հանցագործություններ կատարելով և դրանք պարտակելով, իսկ հետո Մարտի 1-ին կրակել է սեփական ժողովրդի վրա այդ թալանածը պահելու, վայելելու նպատակով, որից հետո էլ իր ժառանգորդը 10 տարի զբաղվել է նրանով, որ ծածկի այդ ոճրագործությունը»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանի կարծիքով՝ երեկ դատարանի բակում տեղի ունեցածը հերթական պարտությունն էր Ռոբերտ Քոչարյանի համար:

«Եթե իսկապես հերոս լիներ, ինչպես այդ պիցցա ուտողներն են իրեն հռչակել, և 10 տարի էլ լինելով Հայաստանի նախագահ՝ այսօր այդ մարդու համար պիտի 1000-ներ կանգնեին, բայց կանգնած են 100-ից 150 մարդ. սա արդեն մեծագույն պարտություն է»:

Հարցին՝ ամեն դեպքում ի՞նչ որոշում կկայացնի դատարանը, կփոխի՞ խափանման միջոցը, թե՞ ոչ, Զուրաբյանը պատասխանեց.

«Եթե դատավորը գոնե մի քիչ անաչառ է, ես բացառում եմ, որ նա կարողանա թքել ժողովրդի երեսին, արդարադատության երեսին և կայացնի որոշում»:

Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, իրենց իշխանության պատասխանատվությունն այդտեղ չկա, ՀԱԿ փոխնախագահը շեշտեց.

«Ես կարող եմ ընդունել, որ առանձին վերցրած դեպքում կոնկրետ այս դատավորի որոշման համար միգուցե իրենք պատասխանատվություն չեն կրում, բայց ամբողջ պրոցեսի համար, քաղաքական գործընթացի համար, որը պետք է ստեղծեր այն միջավայրը և մթնոլորտը, որում պետք է կայացվեին արդարադատությունից բխող որոշումներ, դրա համար իշխանությունը կրում է»:

«Եթե կայացվի որոշումը, որը լինելու է արդարադատության դեմ և փակելու է Մարտի 1-ի ոճրագործներին պատժելու ճանապարհը, դրա համար հիմնական պատասխանատվությունը կրելու է այսօրվա իշխանությունը»,- հավելեց Լևոն Զուրաբյանը:

 

Ավելին
Back to top button
Close