Նորություններ

Իմ որդին 18 տարեկան էր , ո՞վ սպանեց իմ զինվորին. Տիգրան Աբգարյանի մոր ելույթը դատարանում

Մարտի մեկի զոհերից Տիգրան Աբգարյանի մոր ելույթը դատարանում.

«Իմ որդին զինվոր էր, ներքին զորքերում էր ծառայում, 7 ամիս էր ընդամենը, որ գնացել էր բանակ, 18 տարեկան էր: Որդուս ջոկատը գտվում էր Լեոյի փողոցի վրա, որտեղ ոչ մեկը, ոչ մի ցուցարար չի եղել: ՀՀ Սահմնադրության առաջին կետերից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացին կյանքի իրավունք ունի եւ ոչ մեկը իրավունք չունի զրկելու ՀՀ քաղաքացուն կյանքից:

Ինչու սպանվեց իմ որդին:  Որ ասեն երկու կողմից էլ զոհեր կան, հա՞:

Իմ որդին զինվոր էր 18 տարեկան, ով սպանեց իմ զինվորին: Տարի ու կես ինձ համոզում էին, որ դա պատահական կրակ էր, եկավ, կպավ: Սնայպերը ո՞նց կարող է  պատահական կրակի: Հետո ասում են պարոն Քոչարյանը չի իմացել: Ընտանիքում եթե խժդժություններ են լինում, մեղավորը ընտանիքի մեծն է:

Իմ որդին 40 օր Միքայելյանի ինստիտուտում վիզը կոտրած պառկած էր, մի օր ոչ մեկը՝ նախագահի , դատախազի կողմնակիցները, չկարողացա՞ն գալ, դուռը բաց անել, տեսնեին՝ էդ զինվորը մեռալա՞, թե՞ սաղ ա:

Գոնե երկու հոգու ձեւի համար դատեին, որ հանգստանայինք: 11 Տարի է՝ ես չեմ կարող քնել: Երբ որդիս պառկած էր, պարոն Սեյրան Օհանյանն եկավ հիվանդանոց, մտածեցի եկել է տղայիս տեսության, բանից պարզվեց, որ իրա հայրն էլ ա հիվանդանոցում: Մոտեցա, ասացի՝ եկել եք որդուս տեսությա՞ն, ձեր զինվորի՞ն, նա ոչ մի բան չասաց ու չբարեհաճեց նույնիսկ ներս մտնել:

Ո՞վ խփեց իմ որդուն, գտեք, ես այլեւս ուժ չունեմ պայքարելու:  Գոնե հիմա դուք բացահայտեք»:

Ավելին
Back to top button
Close