Նորություններ

«Ինչպես տեսնում եք, հաճախում եմ աշխատանքի». Թորոսյանն՝ իր պաշտոնանկության մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ծխախոտի դեմ պայքարի նախագծին:

«Մենք մարդկանց իրավունքները չենք սահմանափակում, օգտագործման սահմանափակում չկա, կա որոշակի վայրերում օգտագործման սահմանափակում»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ դեռ հայտնի չէ, թե ԱԺ-ն երբ կընդունի օրենքը:

Թորոսյանը տեղեկացրեց, որ քննարկումների արդյունքում ժամկետների առումով զիջումների են գնացել:

«Մենք ինքներս էլ հասկանում ենք, որ այս օրենքի գործողության դեպքում մեկ տարում արդյունք չենք ունենա, բայց 10-15 տարուց է արդյունք լինելու, իսկ այդ ժամանակ մեր երեխաներն են լինելու մեզ նման հասուն քաղաքացիներ, որոնց մենք թողնում ենք առողջ ապագա։ Չեմ կարծում, որ որևէ մեկը դրան դեմ կլինի»,- ասաց Թորոսյանը։

Թե որքանով նախագիծն արդյունավետ կկիրառվի մեր երկրում, նախարարը միջազգային փորձը վկայակոչեց՝ ընդգծելով, որ հատուկ վերահսկողության կարիք չկա:

Նշենք, որ ընդունվելուց հետո էական դրույթներն ուժի մեջ են մտնելու 2021-2022 թվականներին։

Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության մասին լուրերին, նախարարն ասաց, որ նման տեղեկատվություն չունի.

«Ինչպես տեսնում եք, հաճախում եմ աշխատանքի»:

Անդրադառնալով իր ասուլիսի տապալմանը՝ ասաց. «Ավելի լարված իրավիճակ թույլ չտալու համար, որն անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ, պարզապես չուզեցի, որ ավելի վատ միջադեպ տեղի ունենա»:

Back to top button
Close