Նորություններ

Նոր Ընտրական օրենսգիրքը կնպաստի գաղափարական ընտրություններին

2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ միայն բացառիկ էին ժողովրդավարության և արդարության տեսանկյունից, այլև առանձնահատուկ էին հետհեղափոխական քաղաքական իրավիճակի համատեքստում։

Ինչպես նշվում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի «Ընտրական վարքը.  2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետահայաց հետազոտություն» զեկույցում, 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար որոշիչ է եղել հետհեղափոխական մթնոլորտը, որում գերակա դեր է ունեցել հեղափոխություն իրականացրած ուժը։

Այս ընտրությունների կայացումն առանձնահատուկ քաղաքական իրադարձություն էր, որի առանցքային նպատակներից էին հանրային բարձր վստահություն ունեցող ընտրությունների միջոցով լեգիտիմ խորհրդարանի ձևավորումը և տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության ինստիտուցիոնալացումը։

Ընդ որում, ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը գնահատող բազմաթիվ հարցումներ ցույց են տվել, որ վերոնշյալ նպատակները լիովին իրականացել են։

Սրանով հանդերձ, սակայն, հարկ է նշել, որ «Անկախ դիտորդի» հետազոտությանը մասնակցած քաղաքական ուժերի ներկայացուցիչների զգալի մասը նշել է, որ նախընտրական պայքարը եղել է ապաքաղաքական և ապագաղափարական, ինչի վրա մեծ ազդեցություն է ունեցել չփոխված Ընտրական օրենսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո մեկ տարվա ընթացքում նոր ԸՕ-ով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը նոր կառավարության հռչակած առաջնահերթություններից մեկն էր։ Այս նպատակի համար 2018-ի հունիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյան որոշմամբ ստեղծվել էր ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, որը շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում 2018 թ. սեպտեմբերին հրապարակել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգը։

Առաջարկվող փոփոխությունները, ի թիվս այլ բաղադրիչների, ընդգծում էին լիարժեք համամասնական ընտրական համակարգին անցնելու անհրաժեշտությունը՝ «ռեյտինգային»՝ տարածքային բաղադրիչի բացառմամբ, առաջարկում էին նվազեցնել ընտրական շեմն ու նախընտրական գրավի չափը, մանդատները բաշխել առնվազն չորս քաղաքական ուժերի միջև, վերանայել կոալիցիաներ կազմելու սահմանափակումները։

ԸՕ փոփոխության այս հայեցակարգը, սակայն, չընդունվեց, և արդյունքում ընտրությունները տեղի ունեցան «ռեյտինգային» ընտրակարգով։

Արտահերթ ընտրություններին առաջին անգամ մասնակցած կուսակցություններն ու դաշինքները «ռեյտինգային» համակարգը, բարձր գրավը, ԱԺ-ում միայն մեծամասնություն կազմող քաղաքական ուժի՝ կոալիցիա կազմելու հնարավորությունը որակել են որպես նախորդ ռեժիմի շահերին ծառայող բաղադրիչներ, որոնք ստորադասում են կուսակցությունները և նրանց գաղափարախոսությունը անհատի հեղինակությանը, սահմանափակում են փոքր և ոչ հարուստ կուսակցություններին։ Այս քաղաքական ուժերի գնահատմամբ, արտահերթ ընտրությունների ժամանակ գործող Ընտրական օրենսգիրքը, այս առումով, բխում էր գործող իշխանությունների շահերից։

Հատկանշական է նաև, որ ԸՕ-ի վերաբերյալ վերապահումներ չեն ունեցել և խնդիրներ չեն առաջադրել ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ ներկայացուցիչները, որոնց քարոզարշավի զգալի մասը, ըստ էության, հենված է եղել հենց առանձին քաղաքական գործիչների վարկանիշի և հեղինակության վրա՝ իրենց հաշվառման համայնքներում կամ այն համայնքներում, որտեղ առավել մեծ է եղել նրանց սոցիալական ցանցը:

«Անկախ դիտորդի» իրականացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ փոփոխված ԸՕ-ով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը եթե անգամ չփոխեր ԱԺ անցնող քաղաքական ուժերի դասավորությունը, այնուամենայնիվ, կարճաժամկետ և  երկարաժամկետ իմաստով դրական՝ հեղափոխական, նշանակություն կունենար Հայաստանում ընտրությունների ինստիտուտի գաղափարականացման և կայացման գործում։

Ավելին
Back to top button