ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Սալասպիլս. մահվան մանկական ճամբար կամ արյան բանկ

Սալասպիլսը ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից ամենազարհուրելին է: Իր գոյության 3 տարիների ընթացքում այստեղ խոշտանգել եւ սպանել են հազարավոր երեխաների: Դա ոչ միայն մահվան ճամբար էր, այլեւ արյան բանկ: Ֆաշիստ մոլագարներն արյուն էին քաշում փոքրիկ բանտարկյալներից՝ համալրելով գերմանական հոսպիտալների պահեստները:

Սովից հյուծված եւ ուժասպառ եղած մանուկներին, որոնցից շատերի 5 տարին դեռ չէր լրացել, ցինիկորեն դիտարկում էին որպես արյունով լի կոնտեյներ կամ բժշկական փորձարկումների օբյեկտ:

Սկզբնական շրջանում ճամբարը նախատեսված էր հրեաների համար

Լատվիայում ճամբարը սկսել են կառուցել 1941թ.-ի հոկտեմբերին: Հարեւանությամբ տեղակայված էր Սալասպիլս ավանը: Այդ անունով էլ հանրության շրջանում կոչում էին ճամբարը, թեեւ պաշտոնական անվանումը Կայզերվալդ էր: Ճամբարը կառուցել են հրեաները՝ այդ թվում Ռիգայի գետտոյից:

SS-ի հատուկ ոստիկանության «А» խմբի ղեկավար Շտալեկերը ղեկավարությանն ուղղված իր զեկույցում հաղորդել է.«1941թ.-ի դեկտեմբերից սկսած Ռեյխից հրեաներով լի տրանսպորտային միջոցներ են ժամանում: Նրանցից 20.000-ին ուղարկել են Ռիգա: Ճամբարի կառուցման գործին մասնակցում են բոլոր հրեաները, որոնց հետագայում կհավաքեն նույն ճամբարում»: Ինչպես հետագայում  դատարանում վկայել է SS-ի գեներալ Իյեքյոլնը, ամեն շաբաթ ճամբար էր ժամանում 2-3 էշելոն՝ հրեաներով: Յուրաքանչյուր էշելոնում կար մոտ 1000 մարդ:

«Մենք գնդակահարեցինք, ենթադրաբար, շուրջ 87 հզր. հրեայի, ովքեր ճամբար էին եկել տարբեր երկրներից»,-ասել է գերմանացի գեներալը:

1942թ.-ի գարնանից սկսած Սալասպիլս ճամբար սկսեցին տեղափոխել նաեւ լատիշ հակաֆաշիստներին եւ գերեվարված խորհրդային զինվորականներին, այնուհետ նաեւ գնչուներին: Երբեմն գնդակահարելու նպատակով այլ համակենտրոնացման ճամբարներից այստեղ էին բերում խորհրդային ռազմագերիներին:

Անխտիր բոլոր երեխաներից արյուն էին քաշում

Թեեւ պաշտոնապես Լատվիան չի ընդունում Սալասպիլսում երեխաների այդ ծավալով մասսայական սպանության փաստը, պահպանվել են սարսափելի հանցագործության ականատեսների վկայություններն ու այլ ապացույցներ:  Հիմնականում այստեղ էին բերում երեխաների Բելոռուսիայից եւ Ռուսաստանի հյուսիս-արեւմտյան՝ Պսկովյան, Կալինինյան եւ Լենինգրադյան շրջաններից: «Աշխատանքային դաստիարակության ճամբարը» (փաստաթղթերում պաշտոնապես այդպես էին անվանում Սալասպիլսը) իրականում արյան բանկ էր եւ դաժան բժշկական փորձարկումների վայր: Այդ «աշխատանքային ճամբարում»  պահում էին անգամ 2-3 տարեկան եւ կրծքով սնվող երեխաներին: Յուրաքանչյուր երեխա անվան փոխարեն կրում էր համարակալված ժետոն:

Գոյության շուրջ 3 տարվա ընթացքում համակենտրոնացման ճամբարում երեխաներից վերցրել են ընդհանուր առմամբ շուրջ 3,5 հզր. լիտր արյուն: Հիմնականում արյուն էին քաշում այնքան ժամանակ, մինչ երեխան կմահանար:

Այդ արյունն անհրաժեշտ էր SS-ի սպաներին, ովքեր բուժում էին ստանում հոսպիտալներում:

Այն պահը, երբ բարաքում հայտնվում էր սպիտակ խալաթ հագած գերմանացին եւ սեղանի վրա դնում իր բժշկական սարքավորումները, ամենասարսափելին էր յուրաքանչյուր փոքրիկ բանտարկյալի համար:

Մոլագար բժիշկները հրամայում էին երեխաներին պառկել եւ պարզել ձեռքերը: Շատերը խոնարհաբար ենթարկվում էին, իսկ նրանց, ովքեր հրաժարվում էին, ամուր կապում էին սեղանին եւ արյունը վերցնում ստիպողաբար: Ուժասպառ եւ տկար երեխաներին որպես կանոն այրում էին հատուկ վառարաններում, կամ սպանում էին ու նետում ընդհանուր ջրանցքը: Մյուսներին պարբերաբար օգտագործում էին նույն նպատակի համար:

Բացի այդ, հայտնի է, որ Սալասպիլսում երեխաների վրա փորձարկում էին տարբեր թույներ՝ փոքրիկների կերակուրի մեջ ավելացնելով մկնդեղ, կատարելով մահացու ներարկումներ կամ ուղարկելով նրանց գազախցիկներ: Ֆաշիստ բժիշկները նաեւ անդամահատում էին ոմանց վերջույթները:

Սպանվել է շուրջ 7.000 երեխա

Վիճակագրության համաձայն, 12 հզր. խորհրդային երեխաներից, ովքեր Սալասպիլսում որպես դոնոր էին օգտագործվում, մահացել է ավելի քան կեսը: Ֆաշիստներն ամեն կերպ փորձում էին թաքցնել մասսայական սպանությունների հետքերը: Հայտնի է (դատարանում ֆաշիստների տված ցուցմունքներից), որ գեստապոյի աշխատակից Պաուլ Բլոբելի ղեկավարությամբ ոչնչացվել է գերիների մասսայական հուղարկավորության հետքերը, այդ թվում Սալասպիլսի բանտարկյալների: Վերացնելով հետքերը՝ ֆաշիստները փորել են գերեզմանները, այրել մարմինները: Փոսերը փորելու ժամանակ օգտագործվել է հրեաների աշխատանքը, որոնց գործի ավարտից հետո նույնպես սպանել են եւ այրել:

1944 թ.-ի աշնանը խորհրդային զորքերի առաջխաղացման ժամանակ ֆաշիստները ոչնչացրեցին Սալասպիլս ճամբարը (հետքերը թաքցնելու համար), իսկ դրա անձնակազմին (գերմանացիներին եւ լատիշ ոստիկաններին) շտապ տարհանեցին:

Հետագայում այնտեղ մնացած  54 գերեզմանոցներում հայտնաբերվել է 632 մարմին, որոնցից 114-ը մինչեւ 1 տարեկան երեխայի, 106-ը՝ 1-3 տարեկանի, 91-ը՝ 3-5 տարեկանի, 117-ը՝ 5-8 տարեկան փոքրիկների:

Ի հիշատակ մանկահասակ դոնորների եւ սպանված մյուս մարդկանց, Սալասպիլսում պատերազմից հետո հուշահամալիր կառուցվեց: Թվում է, թե այդ վայրերում մինչ օրս ճախրում են տանջահար փոքրիկ բանտարկյալների հոգիները, ովքեր իրենց արյունը տվեցին մոլագար ֆաշիստներին:

 Աղբյուր՝ fishki.net

Ավելին
Back to top button
Close