Նորություններ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը Ամուլսարի հանքի շահագործման և դրա շուրջ ծավալված քննարկումների վերաբերյալ

Դեռևս 2019 թ․ գարնանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործընկերների հետ համագործակցությամբ մշակել է անցումային արդարադատության և կորպորատիվ հաշվետվողականության մասին փաստաթուղթ:

Փաստաթուղթը հռչակում է, որ 2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հնարավորություն են տալիս համակողմանիորեն  անդրադառնալ մարդու իրավունքների և շրջակա միջավայրի ոլորտներում մտահոգություններին: Հիրավի, ավելի ժողովրդավարական միջավայրը թույլ է տալիս բարձրաձայնել խնդիրները և լուծումներ փնտրել քաղաքացիական հասարակությունում` համագործակցելով նաև իշխանության մարմինների հետ: Ժողովրդավարական բովանդակային մասնակցային գործընթացը կարող է լինել միակ երաշխիքը փոխադարձ հարգանքի, վստահության և թափանցիկության մթնոլորտի ստեղծման համար:

Տնտեսական հեղափոխություն եզրույթը, որը շրջանառության մեջ է դրվել վարչապետի կողմից՝ որպես քաղաքական հեղափոխության շարունակություն, ի սկզբանե դիտարկվում էր որպես շուկայի ազատականացում, կոռուպցիայի, մենաշնորհների և այլ իրավական ու գործնական խոչընդոտների վերացում, տեղական ու արտասահմանյան ներդրողներին գրավող պետական քաղաքականություն: Հարկ է նշել, որ ներկա անցումային շրջանում կարևոր է ամրագրել ներդրողների պատասխանատվությունը և կորպորատիվ հաշվետվողականությունը, ինչի պահանջը բխում է ՄԱԿ-ի՝ բիզնեսի և մարդու իրավունքների վերաբերյալ ուղենիշային սկզբունքներից. այն է՝ պետությունների՝ մարդու իրավունքների խախտումներից (այդ թվում՝ երրորդ անձանց կողմից) պաշտպանելու պարտավորություն, մասնավոր դերակատարների՝ մարդու իրավունքները հարգելու պարտավորություն, ինչպես նաև վնասների վերականգման արդյունավետ մեխանիզմների առկայություն:

Քաղաքացիական հասարակության, բիզնեսի, դատական և գործադիր իշխանության ներկայացուցիչները, վերոնշյալ փաստաթուղթը կազմելով, արձանագրել են, որ բնապահպանության ոլորտում առկա աղետալի իրավիճակն ըստ էության արտացոլում է բնակչության սոցիալական, տնտեսական եւ առողջապահական վիճակի նկատմամբ մասնավոր շահի գերակայությունը, որի համար ստեղծվել և կիրառվել էին տարբեր կոռուպցիոն սխեմաներ, որոնք հարկ է ամբողջական քննության ենթարկել անցումային արդարադատության համատեքստում։

Բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության առումով մասնավորապես արձանագրվել է, որ.

  • սպասարկելով մասնավորի շահերը՝ ՀՀ բնապահպանական օրենքները ստորադասվել կամ փոփոխվել են՝ համապատասխանեցվելով միջազգային և կորպորատիվ ոչ խիստ և ոչ պարտադիր չափանիշներին բնության և հանրային շահին ծառայելու փոխարեն,
  • առողջապահական, տնտեսական հետազոտությունների/ուսումնասիրությունների պակասը և ձևականությունը հնարավորություն չի տվել գնահատել յուրաքանչյուր ծրագրի (օրինակ՝ հանքարդյունաբերական) ազդեցությունը համայնքի վրա՝ միաժամանակ տալով համայնքի սոցիալ-տնտեսական եւ առողջապահական առկա պատկերը մինչև նման ծրագրերի իրականացումը,
  • հանրային գերակա շահի ներքո քաղաքացիների սեփականության և առողջության իրավունքները խախտվել են՝ խոշոր բիզնեսի շահերի սպասարկման համար,
  • բնապահպանական խախտումների համար սահմանված պատասխանատվության ենթարկելու մեթոդներն արդյունավետ չեն և կիրառվել են ընտրողաբար՝ այսպիսով նպաստելով ընդհանուր անպատժելիությանը և հանրության ու բնության խոցելիությանը,
  • իրավապաշտպան-ակտիվիստներին լռեցնելու նպատակով նրանց նկատմամբ ճնշումները հասել են մինչև իսկ ֆիզիկական բռնությունների, սոցիալական մեդիաներում հերյուրանքների, զրպարտության և սուտ մատնության հիմքերով հետապնդումների:

Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերության ոլորտում պատասխանատու ներդրումների մասին հավաստիացումները հանրային վստահություն չեն կարող ունենալ, քանի դեռ վերոնշյալ արատավոր քաղաքականությունը դեռևս մերժված չէ։ Հանքի շահագործման համաձայնությանը տանող որոշումների վերաբերյալ հիմնավոր կասկածների փարատմանն ուղղված գործողություններն ավարտին չհասցնելով՝ Կառավարությունը չպետք է ստանձնի այդ որոշումների պաշտպանությունը և իրագործումը։ Ակնհայտ է, որ այս պայմաններում դեպի Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհների փակումը դադարեցնելու ՀՀ վարչապետի «պաշտոնական խնդրանքը» ընկալվում է որպես խաղաղ ցուցարարների հանդեպ հնարավոր ուժի կիրառման վտանգ, որն էական նահանջ կհանդիսանա ժողովրդավարական սկզբունքներից և վարվելակերպից: Միաժամանակ նման նահանջը պարարտ հող կստեղծի տարատեսակ քաղաքական   շահարկումների և բուն օրակարգից հանրային ուշադրությունը շեղելուն ուղղված անպտուղ և անբովանդակ քննարկումների համար: Արդյունքում կվտանգվի թե՛ շրջակա միջավայրը, թե՛ ժողովրդավարական զարգացումներն ու հնարավորությունները։

Գտնում ենք.

  • Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում ռիսկերի բացակայության կամ կառավարելիության վերաբերյալ պնդումները, ելնելով այդ ռիսկերի և գնահատման մեխանիզմների թերության մասին վկայող ուսումնասիրությունների վերաբերյալ մեզ հասանելի տեղեկություններից, արժանահավատ չեն:
  • Մինչև Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ քրեական, վարչական և քաղաքացիական բազմաթիվ գործերի ամբողջական քննության ավարտը և դրանից բխող անհրաժեշտ գործողությունների ավարտը, խոսք չի կարող լինել հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքների վերսկսման մասին։
  • Հանքի շահագործման հարցում ի հայտ եկած հանրային վստահության ճգնաժամը ի չիք կարող է դարձնել արդարության վերականգնմանը և անցյալի հետ հաշտեցմանն ուղղված ցանկացած գործողություն, այդ թվում՝ շրջակա միջավայրի հետ առնչություն չունեցող ոլորտներում։
  • Հանրության շրջանում Ամուլսարի ապագայի վերաբերյալ որևէ որոշման լեգիտիմության երաշխիքները կարող են հիմնված լինել միմիայն քաղաքացիների և շահագրգիռ կողմերի հետ երկխոսության վրա՝ բացառելով վերջնագրային բնույթի դիրքորոշումներն ու փաստերի գիտակցված խեղաթյուրումները կամ ոչ լիարժեք իրազեկումը:

ՀՀ Կառավարությունը պետք է վստահելի, գործուն քայլեր իրականացնի ՀՀ-ում հանքերի շահագործումից հրաժարվելու ուղղությամբ և տնտեսական հեղափոխության հայեցակարգի հիմնարար սկզբունք սահմանի բնության պահպանությունը, մարդկանց առողջ միջավայրում ապրելու և գործելու սկզբունքը, որի հետ համատեղելի չէ հանքարդյունաբերությունը որպես տնտեսության ճյուղ:

 

Ավելին
Back to top button
Close