Նորություններ

Մոտ 3 տասնյակ հետցնցումներից հետո՝ երեկոյան եւ լուսադեմին Շիրակի մարզում զգացվել է եւս 3 ստորգետնյա ցնցում

Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժ. 20:22-ին արձանագրված 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժին հետեւել են համեմատաբար թույլ հետցնցումներ: Մոտ 3 տասնյակ հետցնցումներից հետո՝ երեկոյան եւ լուսադեմին Շիրակի մարզում զգացվել է եւս 3 ստորգետնյա ցնցում:

4.8 մագնիտուդով երկրաշարժից մոտ 1 ժամ անց տեղական ժամանակով ժ.21:29-ին Շիրակի մարզում եւս մեկ ստորգետնյա ցնցում է գրանցվել՝ 3 մագնիտուդ ուժգնությամբ:

Լուսադեմին եւս մեկ ցնցում է զգացվել Շիրակի մարզում: Այն արձանագրվել է տեղական ժամանակով ժ.04:13-ին, որի էպիկենտրոնային գոտին գտնվել է Թուրքիայի տարածքում: Երկրաշարժը եղել է 3 մագնիտուդ ուժգնությամբ:

Մյուս ստորգետնյա ցնցումն արձանագրվել է տեղական ժամանակով ժ.04:45-ին, օջախը՝ Ամասիայից 6 կմ եւ Գյումրիից 22 կմ հեռավորության վրա: Այդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ ծառայության հաղորդման համաձայն, սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժ. 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժ.16:22-ին) գրանցվել էր հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել էր Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: Երկրաշարժին հետևել է 1.8- 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում:

ԱԻՆ Սեյսմիկ ծառայություն հայտնել էր նաեւ, որ այդ երկրաշարժին հետևած բոլոր հետցնցումները ավելի թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն ու սեյսմիկ մշտադիտարկում, եւ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ:

Ավելացնենք նաեւ, որ Հայաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակահատվածում համեմատաբար ուժեղ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել այլ տարածաշրջաններում՝ մասնավորապես Ինդոնեզիայում, Չիլիում եւ Մեքսիկայում, որտեղ արձանագրված երկրաշարժերի ուժգնությունը կազմել է 3 — 5.7 մագնիտուդ:

Ավելին
Back to top button
Close