Նորություններ

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 3 երեխաների 34-ամյա հայրը վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է. նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի տներից մեկի մոտ դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանի և ավագ քննիչ Արտակ Գևորգյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր՝ ժամը 11։20-ի սահմաններում Քասախ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արտեմ Հ-ն MAZ մակնիշի 07 ՕՏ 675 համարանիշի ավտոմեքենայով, որը վերամբարձ կռունկ է, աշխատանքներ կատարելու ժամանակ դեռևս անհայտ պայմաններում մեքենայով բախվել է 10 հազար վոլտ հզորության էլեկտրալարերին, ինչի հետևանքով էլ հոսանքահարվել է։

Ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը փորձել է օգնություն ցուցաբերել և նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն ավտոմեքենայի մեջ նա մահացել է։

Փաստի առթիվ քննիչ Ա. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close