ՄիջազգայինՄիջազգային մամուլի տեսությունՆորություններ

Կրեմլի առաջին խնդիրն այն է, որ մարդիկ այլեւս անտրտունջ չեն հանդուրժում ժուլիկությունը

«Պուտինի կուսակցության վերջն ակնհայտորեն եկել է: Շուտով սեփական իշխանության ապահովման համար նրան անհրաժեշտ կլինի նոր գործիք»,-գրում է գերմանական Süddeutsche Zeitung հրատարակչության լրագրող Զիլկե Բիգալկեն:

«Ռեգիոնալ ընտրությունների արդյունքները Կրեմլի համար պարտություն չեն, սակայն տրիումֆ էլ չի կարելի համարել: Վլադիմիր Պուտինի ստեղծած «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը պահպանեց մեծամասնությունը: Այն հատվածը, որտեղ իրական մրցակցություն կար, նախապես վնասազերծվեց: Մոսկվայում փլուզվեցին բոլոր ժողովրդավարական դեկորացիաները»:

«Կրեմլի հենց առաջին խնդիրն այն է, որ մարդիկ այլեւս անտրտունջ չեն հանդուրժում ժուլիկությունը: Մոսկվայում, չնայած վերջին շաբաթների հուզումներին, ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 22%-ը: Վերջին տարիներին նվազում են եկամուտները, վստահությունը կառավարական ինստիտուտների, կուսակցությունների, վարչապետի, այժմ էլ նախագահի հանդեպ»,-նշում է հոդվածագիրը:

«Մոսկվայում բազմաթիվ ընտրողներ դժգոհության արտահայտման միակ միջոցը կիրառեցին՝ իրենց ընտրատարածքում ընտրելով այն թեկնածուին, ով կառավարական կուսակցության թեկնածուին հաղթելու առավել մեծ շանսերն ուներ, անկախ նրանից, թե նա ինչ քաղաքական հայացքներ ունի: Շատերը քվեարկեցին կոմունիստների օգտին: Արդյունքում, Մոսկվայում «Միացյալ Ռուսաստանը» կորցրեց իր տեղերի 1/3-րդը: Չարժե խոսել իշխանության կորստի մասին, սակայն բողոքական ձայները Պուտինին կստիպեն մտահոգվել»:

«Կրեմլի երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ ընտրությունների գլխավոր գործիքն այլեւս չի գործում. կառավարական «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունն այնքան է հեղինակազրկված, որ այդ քաղաքական ուժին անդամակցելն արդեն իսկ վարկաբեկում է թեկնածուներին»:

«Այդ կուսակցությունը նման է ֆուտբոլային թիմի, որը խաղադաշտում միայնակ է՝ առանց մրցակցի, սակայն իրար հետեւից գոլ է ընդունում: Դա նշանակում է, որ Պուտինը սեփական իշխանությունը պահպանելու համար պետք է նոր կառուցվածքային համակարգեր հորինի: Պուտինը, հնարավոր է, այլեւս չի կարող պահպանել միանգամից 2 բան. առերեւույթ ժողովրդավարական լեգիտիմությունը եւ ինքնակալի վստահությունը»,- եզրափակում է Süddeutsche Zeitung-ի հոդվածագիրը:

 

Աղբյուր՝ Süddeutsche Zeitung

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close