Նորություններ

Լյովա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն օրինական է, բայց նրան վերագրվող ապօրինի հարստացման հոդվածում հիմնավոր կասկած առկա չէ. hetq.am

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի խափանման միջոց կալանքի դեմ նրա պաշտպանի բողոքը: Վարույթ չի ընդունվել նաև դատախազության բողոքը՝ Սարգսյանին վերագրվող ապօրինի հարստացման հոդվածում հիմնավոր կասկած չտեսնելու որոշման դեմ:

Նշենք, որ Լյովա Սարգսյանը 2018 թվականի հուլիսին որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում: Առաջին ատյանի դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել ու նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Սարգսյանի խափանման միջոցի հարցը, սակայն մեկ տարուց ավելի քննվել է դատարաններում, քանի որ նրա պաշտպանական կողմն ու դատաախազությունը բողոքներ են տարել այդ հարցով դատարանների որոշումների դեմ:

Դատախազության և Սարգսյանի պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարան բողոք էր տարվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի որոշման դեմ, որով անփոփոխ է թողնվել առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի՝ Լյովա Սարգսյանին վերագրվող  ապօրինի հարստացման հոդվածում առկա չէ հիմնավոր կասկած, իսկ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելու հոդվածում առկա են հիմնավոր կասկած և կալանքի հիմքեր:

Ապօրինի հարստացման հոդվածը դասվում է ծանր հանցագործությունների, իսկ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Լյովա Սարգսյանի պաշտպանական կողմը պնդում է, որ եթե նրան վերագրվող ծանր հանցագործության՝ ապօրինի հարստացման հոդվածում առկա չէ հիմնավոր կասկած, ապա ոչ մեծ ծանրության հանցանքի համար կալանավորումն անթույլատրելի է: Դատախազությունն էլ գտնում է, որ թեև հայտարարագրման ենթակա գույք թաքցնելու հոդվածով Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն օրինական է՝ հիմնավոր կասկած առկա է նաև ապօրինի հարստացման հոդվածում: Վճռաբեկ դատարանը, փաստորեն, երկու բողոքներն էլ վարույթ չի ընդունել:

Նշենք, որ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելու առթիվ հարուցված քրեական գործով անցնում են նաև Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը և որդին՝ Նարեկ Սարգսյանը:

Ըստ ՀՔԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը նույնպես թաքցրել է հայտարարագրման ենթակա գույքը: 2017թ.-ի հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է»: Քրեական գործի շրջանակներում Նարեկ և Անի Սարգսյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

hetq.am

Ավելին
Back to top button