Նորություններ

Գյումրիում կայանալիք «Աշխատանքի տոնավաճառ»-ին կմասնակցի 36 գործատու, կներկայացվի շուրջ 380 թափուր աշխատատեղ

Արդեն 12-րդ անգամ աշխատանք փնտրող ազգաբնակչությունը կմասնակցի «Աշխատանքի տոնավաճառ»-ին, որի հիմնական նպատակն է միևնույն տարածքում արդյունավետ հանդիպում իրականացնել աշխատանք փնտրողի և գործատուի միջև։

«Աշխատանքի տոնավաճառ»-ին ընդառաջ այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ Գյումրու Զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը։ Սեպտեմբերի 10-ին Գյումրիում կայանալիք միջոցառմանը հրավիրված են մասնակցելու Ազգային ժողովի պատգամավորներ, ԱՍՀ նախարարության, Շիրակի մարզպետարանի, քաղաքապետարանի, այլ գործընկեր, շահագրգիռ կազմակերպությունների պաշտոնյաներ: Նշվեց, որ տոնավաճառին, նախնական տվյալներով, մասնակցություն կունենա տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող թվով 36 գործատու, որոնց կողմից կներկայացվի 380-ից ավելի թափուր աշխատատեղ:

Տոնավաճառի ընթացքում սպասվում են մի շարք միջոցառումներ.ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն ունեն ծանոթանալու Շիրակի մարզի, մասնավորապես Գյումրի քաղաքի աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ:

Շիրակի մարզում 2019թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 15.7 հազար մարդ: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 75.7%-ը կամ 11.9 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18.8%-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 70.8%-ը կամ 8.4 հազ. մարդ:

Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 21.1%-ը երիտասարդ է, 3.4%-ը հաշմանդամություն ունեցող անձ, իսկ 24.3%-ը՝ գյուղաբնակ: Տարեսկզբից մարզում աշխատանքի է տեղավորվել 917 աշխատանք փնտրող անձ: Գյումրի քաղաքում 2019թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 13678 անձ, գործազուրկներինը՝ 10359:

Գյումրու աշխատաշուկայում հատկապես մեծ է սպասարկման, հանրային սննդի, տեքստիլ արտադրության ոլորտների մասնագետների, տարբեր մասնագիտություններով բանվորների պահանջարկը: Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 785 անձ:

Back to top button
Close