Նորություններ

Ոստիկանապետերի մասնակցությամբ Գյումրիում տեղի ունեցած միջադեպից հետո դեռ քրեական գործ հարուցված չէ, չկան նաև հարցաքննվողներ

Գյումրիում ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելու մասին տեսանյութերի հրապարակումից հետո դեռևս քրեական գործ հարուցված չէ:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց միայն, որ երեկվանից ուսումնասիրվում են Ֆեյսբուքում օգտատերերից մեկի կողմից հրապարակված տեսանյութերը, որին անդրադարձել են նաև էլեկտրոնային լրատվամիջոցները։

Խոսքը Գյումրու Անի թաղամասում գործող «Կռունկ» խանութում տեղի ունեցած միջադեպի մասին է: Ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը տեսանյութեր էր հրապարակել, որտեղ երևում էր, որ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցները փորձում են բերման ենթարկել խանութում գտնվող մի քանի անձանց:

Օգտատերը գրել էր. «Բեսպրեդելը հարձակվել է իմ գաղափարական ընկերոջ, ակտիվ ընդդիմադիր Գարիկի՝ «Շեկոյի» խանութի վրա, կադրերում ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և ոստիկանության Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են, խանութում քաշքշել են աշխատակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին…Նիկոլ Փաշինյան, այ տղա, մեզնից հեռու մնա…»:

 

Օգտատերը հրապարակել էր նաև տեսանյութեր, որոնցից մեկը նաև ձայնային ինֆորմացիա էր պարունակում:

Մեր այն հարցին, թե արդյոք հարցաքննվողներ եղել են, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ առայժմ որևէ բան հավելել չի կարող, միայն այն, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ տարածված տեսանյութը և միջադեպն ուսումնասիրվում են։

Իսկ տեսանյութերը հրապարակած անձը՝ Կարապետ Պողոսյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեռ սպասում են ոստիկանության կողմից պաշտոնական տեղեկատվության: Մեր այն հարցին, թե բողոք եղե՞լ է իրենց կողմից ոստիկանություն, անձինք, որոնք երևում են տեսանյութում, և որոնց երեկ նախօրեին փորձում էին բերման ենթարկել, արդյոք հարցաքննվել են, Կ. Պողոսյանը պատասխանեց, որ ոստիկանության պարզաբանումներից հետո հանդես կգան հայտարարությամբ:

Հիշյալ դեպքին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ Գյումրու Անի թաղամասի սպասարկման օբյեկտում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու տեսանյութերն ուսումնասիրվում են։ «Վստահ եմ՝ հստակ գնահատականներ կտրվեն այդ գործողություններին։ Ոչ իրավաչափ գործողությունների և դրանց մանիպուլյացիաների դրսևորումներն անընդունելի են, անկախ նրանից, թե ովքեր են դրանց կիրառողները»,- գրել է Շիրակի մարզպետը։

 

Back to top button
Close