ՄիջազգայինՆորություններ

Սառույցը հալվում է. Զելենսկին ներում է շնորհել 12 ռուսաստանցու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ըստ որի ներում է շնորհել այն անձանց, որոնց շուրջ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ այժմ բանակցություններ են ընթանում:

Ինչպես տեղեկացնում է kommersant.ru-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայում ձերբակալված ռուսաստանցիների փաստաբան Վալենտին Ռիբինը: Նա հստակեցրել է, որ հրամանագրով ներում է շնորհվել 12 ռուսաստանցու:

«Փոխանակման համար նախատեսված հավաքակայանում ներկա են գրեթե բոլորը, որոնց անունները համաձայնեցված են ցուցակով: Ուկրաինական կողմը փաստացի կատարում է բանակցությունների ընթացքում ստանձնած  բոլոր պարտավորությունները»,- հայտնել է Ռիբինը:

Նա նշել է, որ միայն մեկ ՌԴ քաղաքացի չի տեղափոխվել հավաքակայան՝ Ռուսլան Գաջիեւը, ով դատապարտված է 15 տարվա ազատազրկման: Փաստաբանի խոսքերով՝ ուկրաինական կողմը հավանաբար չի ցանկանում նրան հանձնել:

Ձերբակալված անձանց փոխանակումը Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից նախատեսված է իրականացնել սեպտեմբերի 7-ին: Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Աղբյուր՝ kommersant.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close