Նորություններ

Գյումրու թիվ 18 դպրոցում ո՞վ կլինի տնօրեն. կընտրի փոխվարչապետը, կնշանակի մարզպետը

Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցում կայացավ ընտրություն տնօրենի թափուր աշխատատեղի համար։ Պաշտոնը ստանձնելու համար մասնակցության հայտ էր ներկայացրել 7 ուսուցիչ՝ Մարալիկի թիվ 2 դպրոցի տնօրեն Ռոզա Գեւորգյանը, Ողջիի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Աբրահամյանը, Շիրակի պետական համալսարանի դասախոս Պարզիկ Նահապետյանը, Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի մանկավարժ Անահիտ Իկիլիկյանը, Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի մանկավարժ Նարինե Ասատրյանը, Բասենի դպրոցի մանկավարժ Սուսաննա Սիմոնյանը եւ Սառնաղբյուրի դպրոցի նախկին ուսուցիչ Եղիկ Դավթյանը:

Նշենք նաեւ, որ 18 միջն. դպրոցից ոչ-ոք մասնակցության հայտ չէր ներկայացրել։

Հիշեցնենք, որ դպրոցի նախկին տնօրենը՝ Շողիկ Ալեքսանյանը, պաշտոնավարումից (2016թ.) 3 տարի անց, իր իսկ դիմումի համաձայն՝ազատվել է աշխատանքից 2019թ. հուլիսին։

Մրցույթի մասնակիցները ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասացին, որ ակնկալում են արդար եւ թափանցիկ ընտրություններ:

Կառավարման խորհուրդը՝ նախագահությամբ Լիլիթ Գորգինյանի, խորհրդի մյուս անդամների եւ ԿԳ նախարարության ներկայացուցչի հետ միասին մրցույթի մասնակիցների ծրագրերին ծանոթացան։ Այնուհետ կառավարման խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրություն կատարեց:

Թեկնածուներից 2-ը` Սուսաննա Սիմոնյանն ու Ռոզա Գեւորգյանը, ստացել են 3 «կողմ» ձայն, մյուս երկու մասնակիցները՝ Պարզիկ Նահապետյանն ու Անահիտ Իկիլիկյանը, ստացել են 1 «կողմ» ձայն։

Սահմանված կարգի համաձայն` խորհուրդն անցկացրեց կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությանը մասնակցեցին առավելագույն «կողմ» ձայներ ստացած 2 հավակնորդները:

Կրկնակի քվեարկությամբ Ռոզա Գեւորգյանն ու Սուսաննա․Սիմոնյանը ստացան հավասար ձայներ`յուրաքանչյուրը 4 «կողմ» ձայն:

Կրկնակի քվեարկությամբ եւս տնօրեն չընտրվելու դեպքում հաստատության խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության եւ տնօրենի պաշտոնի` կրկնակի քվեարկության փուլ անցած հավակնորդների անձնական գործերի պատճենները:

Գյումրու թիվ 18 դպրոցի տնօրենին կընտրի փոխվարչապետը, կնշանակի մարզպետը։

Back to top button
Close