Նորություններ

Բելառուսական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հանձնաժողովի համանախագահ ԲՀ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակությանն ուղեկցել են միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Եղիազարյանը, ԲՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը, Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Բելառուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում:

Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը նշել է, որ ինչպես Հայաստանն, այնպես էլ Բելառուսն իրենց պատմության ընթացքում ծանր ժամանակներ են ապրել: «Դժվար է անգամ պատկերացնել, թե որքան ծանր է եղել, ինչպիսի բարբարոսություն: Պատմությունից պետք է դասեր քաղել, որպեսզի այն չկրկնվի եւ պետք է ստեղծել խաղաղ ու համերաշխ ապրելու պայմաններ»,- ասել է Բոլեսլավ Պիրշտուկը:

Նույն օրը երկու երկրների խորհրդարանականներն այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հյուրերը ծանոթացել են կենտրոնի պատմությանը, շրջել սրահներով, դիտել «Թումոյի» վերաբերյալ տեսաֆիլմ:

Այնուհետեւ Վահե Էնֆիաջյանն ու Բոլեսլավ Պիրշտուկը ստորագրել են համատեղ կատարված աշխատանքների վերաբերյալ արձանագրություններ եւ հետագա միջխորհրդարանական ու ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հուշագիր: ՀՀ

ԱԺ փոխնախագահը կարեւորել է բելառուսական կողմի հետ գործակցությունը եւ նշել, որ այն լինելու է շարունակական:

Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը նույնպես կարեւոր է համարել երկուստեք համագործակցությունն ու հույս հայտնել, որ առաջիկայում հայ գործընկերների աջակցությամբ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի նաեւ Մինսկում:

Back to top button
Close