ՆորություններՍպորտ

Մխիթարյան. Ցույց տվեցինք, որ նույնիսկ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ

Հայաստանի ազգային հավաքականն Իտալիայի հետ Եվրո-2020-ի խաղում պատժվեց չօգտագործած պահերի համար: Նման տեսակետ է հայտնել մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում:

«Խաղը լավ սկսեցինք, շատ ագրեսիվ էինք ու գոլ խփեցինք, դրանից հետո մի փոքր հետ քաշվեցինք՝ չգիտես ինչու: Հետո գոլ բաց թողեցինք, կարմիր քարտը խանգարեց … երկրորդ կեսում տղաները պայքարեցին մինչև վերջ, ցույց տվեցինք, որ նույնիսկ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ:

Կարող էինք գոլի հեղինակ դառնալ, առաջ անցնել խաղի մեջ, բայց չհաջողվեց, ֆուտբոլ է, այդ իսկ պատճառով հետո պատժվեցինք».- ասել է Մխիթարյանը:

Խոսելով այն մասին, թե որքանով էր արդարացված գրանցված 1:3 հաշիվը՝ մեր ընտրանու ավագն ասել է. «Ճիշտ է Իտալիան առավելություն ուներ, բայց եթե հաշվի առնենք, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը , կարող եմ ասել, որ մինչև 78-րդ րոպեն ամեն ինչ արդարացի էր»:

Մխիթարյանի խոսքով, իրենք դեռ կուսումնասիրեն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, որի հետ մրցելու են օրեր անց՝ սեպտեմբերի 8-ին, դարձյալ Երևանում. «Դեռ 2 օր ժամանակ կա, վաղը կդիտենք նրանց խաղը, կվերլուծենք ուժեղ ու թույլ կողմերը ու արդեն ըստ դրա կտեսնենք՝ ինչ կարող ենք անել»:

Հայաստանի հավաքականի ավագը, որն օրեր առաջ է անգլիական «Արսենալից» տեղափոխվել իտալական «Ռոմա», մեկնաբանել է նաև հռոմեական թիմի շարքերը համալրելը ու շեշտել, որ անգլիական ֆուտբոլին չհարմարվելու խնդիր չի ունեցել.

«Չէ՞ի հարմարվում անգլիական ֆուտբոլին. այդպես չէի ասի, բայց ինչ-որ առումով մարզչի փոփոխությունն իր դերը խաղաց, քանի որ «Արսենալ» էի տեղափոխվել Վենգերի ցանկությամբ, բայց հետո մարզչական փոփոխություն եղավ, երևի իմ խաղային փիլիսոփայությունը չէր համընկնում Էմերիի փիլիսոփայության հետ, ամեն դեպքում ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է: Կարևորը՝ ես իմ երազանքին հասել եմ, միշտ երազել եմ Անգլիայում խաղալ, ու կատարել եմ այդ երազանքս: Հիմա արդեն տրամադրվելու եմ «Ռոմայի» հանդիպումներին:

Եղել է հետաքրքրություն այլ ակումբների կողմից, բայց որևէ հստակություն չի եղել: Երևի՝ «Ռոման» ամենակոնկրետն էր, իրենց ցանկությունն ավելի մեծ էր, որ ես խաղայի իրենց թիմում, ու ես շատ ուրախ եմ, որ խաղալու եմ այդ թիմում»:

armsport.am

Ավելին
Back to top button
Close