Նորություններ

Լարված իրավիճակ Վայոց Ձորի մարզում. աշակերտներն ու ուսուցիչներն ի նշան բողոքի փորձել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհը փակել

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում:

Գետափ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ի նշան բողոքի, փորձում էին Գետափ-Մարտունի ավտոճանապարհը փակել:

Ինչպես տեղից հայտնում է shamshyan.com-ը, պատճառը կայանում է նրանում, որ թե գյուղացիները, թե դպրոցի աշխատակիցներն ու աշակերտները ցանկանում են, որպեսզի նշված հատվածում նորից տեղադրվի արագաչափ, որպեսզի որոշ վարորդների համար այն նորից որպես զսպաշապիկ գործի, ավտոմեքենաները մեծ արագությամբ չվարեն:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Էս փողոցում մինչև արագաչափ դնելը բազմաթիվ վրաերթեր ու ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական:

Դպորցի աշխատակցի դպրոցական երեխան վրաերթի հետևանքով մահացավ: 3 հոգու հողին ենք հանձնել: Էլ չենք ասում քանի ընտանիք վթարներից հետո հայտնվեց հիվանդանոցներում:

Արագաչափը դնելուց հետո մոռացանք դեպքերի մասին, քանի որ այն իր դրական ազդեցությունը թողեց:

Արագաչափը հանելուց հետո նորից ասես ամեն օր սպասենք հերթական «սև թղթին»: Դիմել ենք պատկան մարմիններին, բայց ոչ մի դրական լուծում: Ի՞նչ է, ուզում են նորից ողբերգությո՞ւն ապրի գյուղը: Իմացել ենք, որ խնդրի լուծումը կախված է վարչապետ Նիկոլ Փաշինյանից ու տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանից:

Ուզում ենք, որ կառավարությունը նշված հատվածում երթևեկությունը սահմանի ժամում 60 կմ արագություն, ինչից հետո ՀՀ ոստիկանությունը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսպիյանի միջամտության արդյունքում, Ճանապարհային ոստիկանությունը պատրաստակամություն կհայտնի և նորից կտեղադրեն արագաչափ, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր կփրկվեն:

Մեզ ասում են, որ վարչապետ Ն. Փաշինյանի հանձնարարականով արգելվում է արագաչափ տեղադրել այն հատվածներում, որտեղ սահմանված արագություն է տրված ժամում 40 կմ: Հիմա ողջ գյուղի 2420 բնակչի անունից դիմում ենք Ն. Փաշինյանին ու Ս. Պապիկյանին, ողջ ու մանկապարտեզի կոլեկտիվի անունից միանում ենք դիմումին, որպեսզի կառավարությունը նշված հատվածում սահմանի 60 կմ/ժ արագություն, ինչից հետո խնդիրը կլուծվի»:

Դպրոցի տնօրեն Կարինե Հակոբյանն էլ ասում էր, որ արագաչափը հանելուց հետո երեխաներին ամեն օր ահը սրտներում են դպրոց ընդունում և նույնկերպ ճանապարհուտմ տուն: «Որպես դպրոցի տնօրեն, որպես ծնող, կոլեկտիվի անունից խնդրում ենք, որ մեր հարցը լուծեն:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ, նոր ուսումնական տարվա առթիվ Հանրապետությունում հայտարարվել է անվտանգ ուսումնական մեկամսյակ, ինչի շնորհիվ դպրոցներում, ուսումնական հաստատությունների մոտ ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանները: Արդարության դեմ չմեղանչելով, մենք գոհ ենք ճանապարհային ոստիկաններից, ովքեր մինչև այդ էլ էին նշված հատվածը իրենց հսկողության տակ պահում, բայց մեր որոշ վայ-վարորդների համար ավելի ուժեղ զսպաշապիկ է արագաչափը:

Այսօր որոշել էինք կամ փակել ճանապարհը, կամ մեր երեխաներին հրաժարվելու էինք դպրոց ուղարկել: Նույնիսկ ցանկություն կար բոյկոտելու սեպտեմբերի 1-ը: Սակայն ուզում ենք հավատալ Գլաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Մովսիսյանին և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանին, ովքեր մեր ձայնը փոխանցելու են համապատասխան ատյաններին: Ու հենց իրենց հավատալով է, որ այսօր ձեռնպահ ենք մնում ծայրահեղ քայլերի դիմելուց»:

Խոշորացված համայնքի ղեկավար Ա. Մովսիսյանն էլ ասում էր, որ ինքը կիսում է գյուղացիների մտահոգությունը և հավատում է, որ կառավարությունը խնդիրը կլուծի ի շահ բնակչի:

Back to top button
Close