ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Պետք է ապավինել մեր պետական ինստիտուտների կայացմանը». Լ. Նազարյանը՝ Ամուլսարի, Գ. Խաչատրյանի կալանավորման, ՀՀ-ում «վլոգապետության» մասին

«Նախընտրական շրջանում և վերջին մեկ տարում ես Ամուլսարի հետ կապված որևէ դիրքորոշում չեմ հայտնել, և վարչապետի կողմից եղել է հայտարարություն, որ մենք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը պետք է ենթարկենք միջազգային փորձաքննության: Եվ այդպես էլ եղավ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարում է ԱԺ փոխխոսնակ, իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:

Լ. Նազարյանը, ով բնապահպան ակտիվիստ էր և խորհրդարանում է որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, հավելում է.

«Իմ պատկերացմամբ Ջերմուկի և Սևանի հետ կապված փորձագետները դժվարանում էին ասել, որ շահագործումը կարող է միանշանակ անվտանգ լինել: «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների կոնֆերանսը վերահաստատեց այդ պատկերացումը: Եվ վարչապետի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը կկայացնի համապատասխան որոշում»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա՞, այնուամենայնիվ, թե՞ ոչ, Նազարյանն ասում է.

«Այդ հարցն ինձ համար տարօրինակ է և ավելի տարօրինակ կլինի, որ պատասխանեմ այդ հարցին՝ լինելով ԱԺ փոխխոսնակ, որովհետև այլ հարց կառաջանա այդ դեպքում՝ մեր ինչին է պետք Շրջակա միջավայրի նախարարությունը: Չեմ մտածել ես այդ մասին, այդ հարցի պատասխանը պետք է մեզ տա պետական ինստիտուսը՝ նախարարությունը»:

«ԷԼԱՐԴ»-ին բյուջեից փորձաքննության համար 400 հազար դոլար տրամադրվեց, որոշ քաղաքական գործիչներ հայտարարեցին, որ կոռուպցիոն շահեր են տեսնում: Մեր հարցին՝ կա՞ն, կարո՞ղ են լինել կոռուպցիոն ռիսկեր, Նազարյանը պատասխանեց.

«Բացարձակ անհիմն են այդ քաղաքական հայտարարությունները: Նման հայտարարությունները հեղինակազրկում են այդ անձանց, ովքեր ասում են: Անզգույշ և անպատասխանատու հայտարարություններ են»:

Հեղափոխությունից մեկուկես տարի հետո Գագիկ Խաչատրյանի նկատմամբ քննչական գործողություններ սկվեցին: Ինչո՞ւ հիմա: Ըստ ԱԺ փոխխոսնակի.

«Մեղադրանք ներկայացնող կողմը՝ իրավապահ մարմինը, հիմա է պատրաստ պաշտպանել մեղադրանքը: Որևէ մեղադրանք որևէ անձի հանդեպ ներկայացնելուց առաջ մեղադրանքը պետք է հիմնավորված լինի, հիմա է հավաքվել այդ նյութը, և հիմա է ներկայացվում, որևէ այլ նպատակահարմարություն չկա»:

Խոսել ենք նաև «Իմ քայլում» առկա տրամադրությունների մասին: Կա՞ն մանդատից հրաժարվել ցանկացող այլ պատգամավորներ, թե՞ ոչ. Նազարյանը վստահեցնում է, որ չկան:

Ինչ մնում է ՀՀ-ում հաստատված «վլոգապետությանը», ԱԺ փոխխոսնակը համաձայն չէ, որ նման բան կա, ըստ նրա՝ իշխանությունները փորձում են կապը պահել քաղաքացիների հետ: Նազարյանը խոստանում է՝ երբեք չեն պարփակվի և չեն կտրվի իրականությունից:

Ավելին
Back to top button
Close