Նորություններ

Ունեցվածքի հայտարարագրման ներկայիս կարգը չի նպաստում հանրային վերահսկողությանը

Հայաստանում պաշտոնատար անձանց ունեցվածքի հայտարարագրմանն առնչվող օրենսդրությունը խիստ թերի է և չի երաշխավորում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների գույքի և եկամուտների լիարժեք հայտարարագրումը, դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը և ապօրինի հարստացման դեպքերի բացահայտումը:

Այս մասին ասվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի վերաբերյալ հայաստանյան մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունների ժողովածուում, որի հեղինակներն են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, ինչպես նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը

Հանրային ծառայության մեջ գտնվող անձանց և նրանց ընտանիքի անդամների գործունեության և ունեցվածքի մասին հանրային վերահսկողությունն անհրաժեշտ նախապայման է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար։ Հանրային այս վերահսկողությունն իրականացվում է պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերի միջոցով։

Հայտարարագրման օրենսդրության բարեփոխումը թույլ կտա հանրային վերահսկողության իրականացման համար համարժեք թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ ստեղծել ու գործարկել։

Այսպես, ներկա օրենսդրությամբ պաշտոնատար անձինք պարտավոր են հայտարարագրել միայն այն թանկարժեք գույքը, որի արժեքը գերազանցում է ութ միլիոն դրամը։ Այնինչ, ՀՀ քրեական օրենսգրքի «ապօրինի հարստացում» հոդվածով նախատեսված է հայտարարատու պաշտոնատար անձի օրինական եկամուտների և գույքի ավելացման և (կամ) նվազեցված պարտավորություններն էականորեն գերազանցող 5 միլիոն դրամի շեմը։ Մի կողմ թողնելով, որ նույնիսկ 5 միլիոն դրամի շեմը բավական բարձր է, նշենք, որ գործող օրենսդրությամբ որևէ պաշտոնատար անձ կարող է 7․5 միլիոն դրամ արժողությամբ «նվեր» ստանալ և պարտավորված չլինել նշել այդ մասին իր հայտարարագրում։ Ըստ այդմ, անհրաժեշտ է վերանայել հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի արժեքի շեմը։ Ընդ որում, խնդրահարույց է նաև այն, որ գույքի և դրամական միջոցների նվիրատվությունների հայտարարագրման տվյալներում բացակայում են նվիրաբերված գույքի անվանումը և նվիրատուի անունն ու ազգակցական կապը, և ընդհանրապես՝ նվերների ընդունման գործընթացը լիարժեք կարգավորված չէ։

Սրանից զատ, գործող օրենսդրությունն ունի այլ բացեր ևս։ Մասնավորապես՝  չի նախատեսվում հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների կողմից ստանձնած պարտավորությունների (վարկեր, այլ գույք) հայտարարագրում, աշխատանքի և ծառայությունների տեսքով նվիրատվությունները ևս չեն հայտարարագրվում։

Հարկ է նաև նշել, որ գործող օրենսդրության պայմաններում հնարավոր չէ բացահայտել հանրային պաշտոնյաների ու ծառայողների կողմից ձեռնարկատիրական գործունեության անհամատեղելիության պահանջի խախտման դեպքերը, իսկ հավատարմագրային կառավարման իրավակարգավորումները բացակայում են։

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի վերաբերյալ քաղհասարակության առաջարկությունների ժողովածուում, ըստ այդմ, նշվում է, որ անհրաժեշտ է լրամշակել «Հանրային ծառայության մասին օրենքը» և առնչվող ենթաօրենսդրական ակտերը՝ երաշխավորելու գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման բացարձակ արդյունավետությունը և թափանցիկությունը:

Միևնույն ժամանակ, հարկավոր է ստեղծել գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման բաց տվյալներով և բաց աղբյուրով համակարգ, որը հասանելի կդարձնի տվյալները նաև հանրության համար, ինչն արդյունավետ կդարձնի պաշտոնյաների նկատմամբ հանրային վերահսկողությունը:

Back to top button
Close