Նորություններ

«Իրավունք չունենք հեղափոխությունն այսպես թողնելու, Քոչարյան Ռոբերտը պետք է մնա ճաղերի հետևում». Ս. Քլոյան

«Սահմանադրական դատարանի կայացրած որոշումները չեն կարող համարվել օրինական, դրանք ոչ մի ուժ չեն կարող ունենալ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ հավելելով, որ սա ոչ միայն իր գնահատականն է, այլև Մարտի մեկի բոլոր զոհերի իրավահաջորդների:

«Մեր Սահմանադրական դատարանը չի կարող որոշում կայացնել, քանի որ ունի ընդամենը երկու դատավոր, խախտվել է Սահմանադրությունը, և իշխանությունն իրավունք չունի հենց այնպես թողնելու»:

Հիշեցնենք, երեկ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, համաձայն որի հոդվածներից մեկը ճանաչեց հակասահմանադրական, մյուսը՝ սահմանադրական: Այս հայտարարությունից հետո Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ նա ազատ է արձակվելու:

«Խախտվել է Սահմանադրությունը, երբ ԱԺ պատգամավոր էր Հրայր Թովմասյանը և հրաժարական ներկայացրեց, նրա այս հրաժարականը շատ հրատապ ստորագրեց այն ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նրան արագորեն ազատ արձակեցին և նշանակեցին ՍԴ-ում: Խախտվել է Սահմանադրությունը: Նա անկախ չէ, և նրա կայացրած որոշումը քաղաքական է, այն չունի արժեք: Իսկ ՀՀ նոր կառավարությունը գնաց բարի կամքի դրսևորման՝ ասելով՝ գնացեք ձեր թոշակը ստացեք: Նրանք չգնացին այդ քայլին»,-նշեց Քլոյանը:

«Մյուս կողմից՝ այս որոշման կայացմանը չի մասնակցել Վահե Գրիգորյանը՝ պատճառաբանելով, որ եղել է տուժողի իրավահաջորդների, այսինքն մեր ներկայացուցիչը: Այդ դեպքում ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ մասնակցեցին Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը, մյուսները, ինչո՞ւ: Մի՞թե նրանք մասնակցություն չունեին Մարտի մեկի գործին»:

Սարգիս Քլոյանի խոսքերով՝ ՍԴ որոշումը հերթական անարդարությունն է Մարտի մեկի զոհերի և հարազատների նկատմամբ, և կառավարությունն իրավունք չունի հենց այնպես հետևելու այս իրադարձություններին:

«Կառավարությունը մերն է, մենք ենք ընտրել, մենք ենք նշանակել և մենք ասում ենք, որ կառավարությունը չպետք է թույլ տա, որ բանտի դռները բացվեն: Ինչպիսի որոշումներ էլ կայացնեն, Քոչարյան Ռոբերտը պետք է մնա ճաղերի հետևում»,- կարծում է Քլոյանը:

«Հեղափոխություն է եղել, և շարժվելու են հեղափոխության օրենքներով: Իրենք՝ հրայրթովմասյանները, իհարկե, շարունակում են մնալ, պայքարել, որ ստանձնեն Քոչարյանի ու Սարգսյանի պաշտպանությունը: Ի վերջո, նախկին համակարգի հույսը Սահմանադրական դատարանն է մնացել, բայց մենք իրավունք չունենք այս ամենը, մեր հեղափոխությունն այսպես թողնելու»:

 

Ավելին
Back to top button
Close