Նորություններ

Չկա այլևս հեղափոխական ընթացք. ՍԴ որոշման հարցում կա նաև անգործության մատնված իշխանության մեղքը

Իշխանություն կրողները պետք է հասկանան՝ ինչ արագությամբ վեր բարձրացան, նույն արագությամբ էլ կարող են գահավիժել։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը վստահ է, որ երեկվա ՍԴ որոշման հարցում մեղավոր է ՀՀ գործող իշխանությունը. օրենսդիր և գործադիր իշխանությունները մատնված են անգործության, համակարգը ղեկավարվում է «ավտոպիլոտով», և չկա այլևս հեղափոխական ընթացք:

Արայիկ Պապիկյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

-Պարոն Պապիկյան, երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը, որով հոդվածներից մեկը ճանաչեց հակասահմանադրական, մյուսը՝ սահմանադրական: Այս հայտարարությունից հետո Քոչարյանի պաշտպանները հայտարարում են, որ նա ազատ է արձակվելու, մյուս կողմից՝ բացատրում են, որ ՍԴն հակասահմանադրական որոշում է կայացրել: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է տեղի ունեցել:

-Գրեթե բոլորի օրինակով ես ևս ծանոթ եմ միայն ՍԴ-ի հրապարակված որոշման եզրափակիչ մասին։ Այն չի նշանակում կամ ենթադրում Քոչարյանի ազատ արձակում, սակայն դրա համար որոշակի իրավական նախադրյալներ ստեղծվել են։ Խոսքը վերաբերում է հատկապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի վերաբերյալ որոշմանը։

Այլ հարց է, թե որքանով է որոշումն իրավական, ավելի ստույգ՝ արդյո՞ք այդ կազմով ՍԴ-ն իրավազոր է, թե ոչ։ Իմ խորին համոզմամբ ՍԴ-ն չունի իրավազոր կազմ, անդամների մի մասը չի համապատասխանում դատավոր կոչվելու բարձր չափանիշին, և նրանց կայացրած որոշումն ինձ համար՝ որպես ՀՀ շարքային քաղաքացու (նաև՝ իրավաբանի), բացարձակապես ոչ մի արժեք չունի։

Ըստ իս՝ ընթանում է (կամ ընթացել է) երկու կողմերի «բախում». մի կողմից հասարակությունը՝ իր արդար ու օրինական պահանջով, մյուս կողմից՝ կլանային շահերը սպասարկող ՍԴ որոշ անդամներ։ Քաղաքական իշխանությունն առավելապես դիտորդ է։ Այնպիսի տպավորություն է, որ Մարտի 1-ի գործով իրավունքի և արդարության հաստատման մասին մտածում են միայն տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները, իսկ արդար դատաքննության մասին՝ միայն մեկ դատավոր։

Ինչ վերաբերում է նրան՝ արդյոք ՍԴ որոշումը հակասահմանադրական է, թե ոչ, ապա այդ հարցը պատասխան չունի։ Գործող սահմանադրությունը զուրկ է լեգիտիմությունից, ՍԴ անդամները լեգիտիմ դատավորներ չեն, հետևաբար ոչ լեգիտիմ մարմինը ոչ լեգիտիմ փաստաթղթի համապատասխանության մասին որևէ որոշում չի կարող կայացնել։

-Հիմա Քոչարյանի ազատ արձակման հարցը դատարա՞նն է որոշելու: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի դատարանի որոշումը:

-Քոչարյանի ազատ արձակման հարցի լուծումը դատարանի բացառիկ իրավասությունն է։ Հաշվի առնելով, թե ինչպես են իրենց «բացառիկ իրավասություններն» իրացնում դատարանները և մասնավորապես առանձին վերցրած դատավորներ, ապա որոշումը կանխատեսելը դժվար է։ Քոչարյանի գործը վաղուց դադարել է ենթարկվել իրավաբանական «տրամաբանությանը»։

-Ի՞նչ եք կարծում, ՍԴ նման որոշումն անակնկա՞լ էր, թե՞ ոչ: Իշխանությունները՝ ԱԺ, կառավարություն, կարո՞ղ էին ակնկալել նման ելք: Կա՞ նրանց կողմից բացթողում, անգործություն, թե՞ ոչ: Ինչպե՞ս են գործել այս ընթացքում և ինչո՞ւ:

-ՍԴ որոշումն անակնկալ լինել չէր կարող։ ԱԺ-ն և կառավարությունը ոչ միայն կարող էին, այլև պարտավոր էին ակնկալել ցանկացած, ներառյալ՝ հրապարակված որոշումը։ Առավել ևս, որ գործով հանդիսացել են նաև վարույթի կողմ։

Այդ կառույցների/մարմինների բացթողումների և անգործության մասին հնարավոր կլինի առարկայական խոսել այն ժամանակ, երբ կհրապարակվեն ՍԴ-ում սույն գործով նրանց մասնակցության մասին նյութերը (օրինակ՝ դիմումի վերաբերյալ գրավոր առարկություններ, դիրքորոշում, հակափաստարկներ, այլն)։

Այդուհանդերձ, լայն առումով, և՛ օրենսդիրը, և՛ գործադիրը շատ վաղուց կորցրել են դատաիրավական ոլորտում գործելու իրենց պարտականության «թելը»։ Ոլորտի համակարգային զարկերակը գործում է «ավտոպիլոտով», որին անհաղորդ են իշխանության այդ երկու ճյուղերը։ Այդ ամենը հանգեցրել է նրան, որ դատաիրավական համակարգի զարկերակը հանրությանը մատակարարում է ոչ թե իրավունք (կենսական արյուն), այլ իրավաբանական քաոս։

-Իշխանությունը ՍԴ ներկայիս կազմի փոփոխման հարցում հապաղե՞լ է, ուշացե՞լ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ է այդպես գործել: Ինչպե՞ս պետք է գործեին իշխանությունները՝ մնալով հեղափոխական ընթացքի տրամաբանության մեջ:

-Հեղափոխական տրամաբանությունը հուշում և պարտադրում էր, որ փոփոխությունները պետք է կատարվեին առնվազն 2018-ի առաջին կիսամյակում (ապրիլ-հունիս)։ Այսօր արդեն գոյություն չունի «հեղափոխական տրամաբանություն» կամ դրա ընթացք. և՛ հապաղել են, և՛ ուշացել։

Իշխանությունն այսօր էլ շարունակում է հապաղել. շուրջ երկու և կես ամիս առաջ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակի հարցով նամակով դիմել էր նաև ԱԺ-ին ու կառավարությանը՝ «Սահմանադրությամբ Դատարանի կազմությանը մասնակից բոլոր սահմանադրական մարմիններն ունեն իրենց պատասխանատվությունը այս ճգնաժամի լուծման համար: Նրանք բոլորն էլ ունեն Սահմանադրության դրույթների իրենց լիազորություններին վերաբերելի մասով մեկնաբանության և կիրառության պատասխանատվություն»։ Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Ես Ձեզ անկեղծ ասեմ. Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց»։ Ցնցվեցինք, և վերջ։ Ցնցվեցինք նաև ՍԴ որոշումից, և վերջ։ Առայժմ սա է միակ «տրամաբանությունը»։

-Այսքանից հետո արդյոք չպետք է լսեինք հրաժարականների մասին: Ովքե՞ր պետք է հեռանան:

-Համոզված եմ, որ պետք է հեռացվեն հատկապես բոլոր իրավապահ կառույցների ղեկավարները (ՀՔԾ, ՔԿ, ԱԱԾ, ոստիկանապետ), ԱԺ-ի այս կազմը ևս պետք է «ինքնալուծարվի», գործադիրի մեծ մասը ևս չի տիրապետում իրավիճակին և պետք է հրաժարական տա կամ հեռացվի։

Գլխավոր դատախազի մինչ օրս պաշտոնավարումն այլևս զարմանալի չէ. ՀՀԿ-ն նրան պաշտոնի նշանակեց 2016-ի սեպտեմբերին, Ծռերի ապստամբությունից հետո, և նա օրվա քաղաքական իշխանության համար ապահովեց քաղաքական հետապնդումների բոլոր գործերով մեղադրանքների հաստատումը։ Այդ ընթացքում Ա. Դավթյանը «մոռացել էր» մարտի 1-ի քրեական գործի քննության մասին և չէր նկատում, որ ամբողջ երկիրը խորտակված է համակարգային կոռուպցիայի ճահճի մեջ։

Նշածս բոլոր պաշտոնյաները (հատկապես՝ դատախազ, իրավապահներ) ծառայել են մերժված համակարգին, այսօր էլ ծառայում են նոր իշխանություններին։ Այդպես չի լինում։

-Հանրության գերակշիռ մեծամասնության վստահությունը և մանդատը վայելող լեգիտիմ իշխանությունը հիմա ինչպե՞ս է գործելու, որո՞նք են ճանապարհները այս խնդիրները լուծելու, ինչպե՞ս ունենալ Սահմանադրական դատարան: Եվ հակառակ դեպքում որո՞նք են լինելու հետևանքները:

-Այսօրվա քաղաքական իշխանությունն իր վստահության կամ լեգիտիմության բացարձակ մեծամասնության մանդատն ահագնացող տեմպերով կորցրեց։ Միաժամանակ հույս ունի, որ հանրությունը, մերժելով հինը, կոռուպցիան, թալանը, անօրենությունը, դեռևս սատարելու կամ սատարում է իրեն։ Ցավոք, նման վիճակ կա. հերթական անգամ ընտրել «վատը» կամ «վատագույնը»։

Իշխանություն կրողները պետք է հասկանան՝ ինչ արագությամբ վեր բարձրացան, նույն արագությամբ էլ կարող են գահավիժել։

Օր առաջ, ժամ առաջ անհրաժեշտ է երկրում կատարել համակարգային փոփոխություններ, առաջնահերթ կարգով ընդունել ՆՈՐ Սահմանադրություն։ Պետական կառավարման համակարգը համապատասխանեցնել ազգային-պետական կարիքներին և շահերին ծառայող համակարգի։

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Back to top button
Close