Նորություններ

Կա ներքին հռետորաբանություն եւ կա բանակցային գործընթաց. Զախարովան՝ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» խոսքերի մասին

Մենք ելնում ենք նրանից, որ, իհարկե, կա ներքին հռետորաբանություն, կան ներքին ուղենիշներ, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների տեսակետները:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ ադրբեջանցի լրագրողի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Այդ հայտարարությունը Փաշինյանն արել էր օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ:

«Մենք ելնում ենք նրանից, որ, իհարկե, կա ներքին հռետորաբանություն, կան ներքին ուղենիշներ, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների տեսակետները՝ հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին: Եվ կա խաղաղ գործընթաց, որցում կան նաև մասնակիցներ, հովանավորներ, կան միջազգային ջանքեր՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Եվ, իհարկե, մենք ելնում ենք նրանից, որ կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն խաղաղ կարգավորմանն ուղղված այս ընդհանուր ջանքերի համատեքստում», — ասել է Զախարովան:

Նրա խոսքով, բանակցային գործընթացում նախկին դիրքերին վերադառնալը շատ դժվար է դառնում այնպիսի հայտարարություններից հետո, որոնք դառնում են «կռվախնձոր» և ավելացնում են լրացուցիչ հարցեր կամ կարող են անհավասարակշռել փխրուն բանակցային գործընթացը:

Զախարովան նշել է, որ նման հայտարարությունները հնչում են «տարբեր մակարդակներում, տարբեր կողմերից»:

«Հարգանքով եմ վերաբերում բոլոր ժողովրդավարական գործընթացներին, բայց ես շատ կցանկանայի, որ բոլոր կողմերը ելնեն հիմնական խնդրից՝ հասնել հնարավորինս արագ խաղաղ կարգավորման», — ասել է նա ՝ ավելացնելով. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է և երկար, բայց դրանում կա ընդհանուր պատկերացում, որ հարկավոր է ավելի արագ առաջ շարժվել, և կողմերի հայտարարությունները պետք է համապատասխանեն այդ հիմնական նպատակին»:

Back to top button
Close