Նորություններ

Լիբանանում զարմացած են Թուրքիայի արտգործնախարարության արձագանքից

Լիբանանի արտգործնախարարությունը զարմանքով է ընդունել Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը Լիբանանի նախագահ Միշել Նաիմ Աունի Twitter-յան գրառման վերաբերյալ։

Լիբանանի նախագահը «Մեծ Լիբանանի Հանրապետության» հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ  իր էջում գրել էր.

«Առաջին  աշխարհամարտի ավարտով, օսմանցիների պարտությամբ և ֆրանսիական մանդատով մեր պատմության մեջ նոր փուլ սկսվեց։ 1920թ ստեղծեցինք Մեծ Լիբանանի Հանրապետությունը և ձեռք բերեցինք անկախություն»։

Ըստ Թուրքիայի իշխանական կառույցների՝ այդ գրառման մեջ Լիբանանի նախագահն ըստ էության Օսմանյան կայսրությունը որակել էր որպես «ահաբեկչական պետություն»։

Ի պատասխան դրան` Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ  Լիբանանի նախագահի գրառումը որակվեց որպես «անպատասխանատու և օսմանյան ժամանակաշրջանի նկատմամբ կանխակալ, անհիմն հղումներով հայտարարություն»։

«Զարմանքով ընդունեցինք Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը Լիբանանի նախագահի գրառման վերաբերյալ, որն առնչվում էր Լիբանանի հիմնադրման 100-րդ տարեդարձին»,-ասվել է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ թուրքական կողմին կոչ է արվել խնդիրներ չառաջացնել թուրք և լիբանանցի ժողովուրդների միջև։

ermenihaber.am

Ավելին
Back to top button
Close