Նորություններ

Եվրոպայի Խորհրդի պատվիրակության ներկայացուցիչները ՀՀ ոստիկանությունում

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի և Եվրոպայի Խորհրդի ծրագրի ղեկավար Լիաննա Ամիրբեկյանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանը և հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց ՀՀ ոստիկանության և Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի համագործակցությունը: «Ուրախ ենք ձեզ տեսնել և մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ: Ոստիկանությունում տեղի են ունենում բարեփոխումներ, և ես կարծում եմ, որ եվրոպական երկրների իրավապահ կառույցների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումն անչափ կարևոր է»,-ասաց ոստիկանության պետը:

Նատալիա Վուտովան խոսելով Եվրոպայի Խորհրդի Երևանայան գրասենյակի նախորդ տարիների աշխատանքի մասին` մարդու իրավունքների պաշտպանությանը, արդարադատության ապահովմանը, իրավունքի գերակայությանը միտված ծրագրերում, բարձր գնահատեց մասնավորպես ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության հետ համագործակցությունը:

Վալերիյ Օսիպյանը նույնպես արդյունավետ համարեց այդ համագործակցությունը` ընդգծելով, որ տարբեր ծրագրերի շրջանակներում ոստիկանության մոտ 100 ծառայող վերապատրաստման դասընթացներ են անցել, մասնակցել սեմինարների, որոնք հնարավորություն են ընձեռում անհրաժեշտ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել` մասնագիտական գործունեության մեջ կիրառելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Back to top button
Close