Նորություններ

Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել. պարզաբանում

Մամուլում այսօր լայնորեն տարածում գտավ ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինի՝ սեպտեմբերի 2-ին կատարած գրառումն այն մասին, որ Հայաստանն իրեն տրամադրել է փախստականի կարգավիճակ՝ որպես քաղաքական գործչի, որը քաղաքական դրդապատճառներով հետապնդվում է Ռուսաստանում։ Շիշկինը նաև  գրառման մեջ շնորհակալություն էր հայտնել Հայաստանին՝ նման որոշման համար:

«Փախստական» և «Քաղաքական ապաստան» տերմինները շփոթությամբ նույնացվել էին թե՛ հայկական, թե՛ ռուսական լրատվամիջոցներում։ Նշվում էր, թե Վիտալի Շիշկինին Հայաստանը տրամադրել է քաղաքական ապաստան՝ առաջին անգամ կիրառելով քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքը։

Անդրադառնալով այս լուրին՝  ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը հայտնում է, որ երկու տարբեր օրենքներով կարգավորվող ընթացակարգերի մասին է խոսքը՝ քաղաքական ապաստանի մասին օրենք և ապաստանի և փախստականների մասին օրենք (Հայաստանը միացել է 1951 թվականի հուլիսի 28-ին ընդունված Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային)։ Երկրորդի դեպքում ապաստան հայցողին հետապնդման հիմնավոր երկյուղի հիման վրա շնորհվում է փախստականի կարգավիճակ կամ ապաստանի հայցը մերժվում է։ Իսկ առաջինի դեպքում շնորհվում է ոչ թե փախստականի կարգավիճակ, այլ օրինական կացության իրավունք ՀՀ-ում։

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքը  երբևէ չի կիրառվել:

Միգրացիոն ծառայությունը միաժամանակ հայտնում է, որ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:

The Information Checking Center

Back to top button
Close