Գյումրին բազում այլ լուրջ խնդիրներ ունի. օրակարգում էր եղեւնիների տեղափոխման հարցը
Գյումրու Վարդանանց հրապարակում՝ «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու հարևանությամբ գտնվող թվով 8 եղևնիների վերատնկման առաջարկը հանրության շրջանում դժգոհության պատճառ է հանդիսացել: Ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով պետք է վերակառուցվի քաղաքի կենտրոնական հրապարակը, եւ եղեւնիների տեղափոխման նրա առաջարկը քանիցս քննարկվել է ավագանու նիստերի ժամանակ, արժանացել ոմանց հավանությանը:
Ավագանու որոշ անդամներ էլ դեմ են եղել Բալասանյանի առաջարկին. այդ պատճառով սեպտեմբերի 3-ին անցկացվեց հանրային-բաց քննարկում: Քննարկումն ինքնին պետք է լիներ կառուցողական բանավեճի ձևաչափով: Ներկաների մեծ մասը դեմ էր եղևնիների վերատնկմանը՝ պատճառաբանելով, որ էականորեն չի փոխվի քաղաքի կենտրոնի ճարտարապետական տեսքը:
Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը իր խոսքում նշեց, որ եղևնիների տեղափոխման հարցը լուծելու է Երևանի քաղաքապետարանը՝ հատուկ մասնագիտացված մեքենաներով: Ըստ նրա՝ այդ եղևնիները չորացած են, ցանցառ և անիմաստ փակում են «Սուրբ Ամենափրկիչը»:
Քննարկման ընթացքում հնչեցին մեղադրանքներ Գյումրու քաղաքապետարանի հասցեին՝ այն է, որ կոմունալ բաժինը չի զբաղվել եղևնիների խնամքով:
Հիշեցնենք, որ եղևնիների հարցը քննարկվում էր դեռևս 2013 թվականից, եւ որոշվել էր, որ դրանք պետք է մնան իրենց տեղում: 6 տարի անց դարձյալ արծարծվում է այս թեման: Քննարկման մասնակիցները նշեցին, որ Գյումրին առանց այն էլ բազում լուրջ խնդիրներ ունի, որոնց լուծումը ծախսեր է պահանջում:
Քննարկման ընթացքում վերջնական որոշում չկայացվեց: