ՆորություններՍպորտ

Արսեն Ջուլֆալակյանը ցանկություն չհայտնեց մասնակցել հավաքին. Էդուարդ Սահակյանն՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հավաքականի կազմն այսօր ներկայացրել է գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:

«Կարող եմ ասել, որ թիմը նորմալ ֆիզիկական վիճակում է: Վերջին շաբաթն է մնացել: Մնացած հարցերի պատասխանները կլինեն աշխարհի առաջնության ժամանակ», -ասում է հավաքականի նորընտիր գլխավոր մարզիչը, որը այս պաշտոնում փոխարինել է Լևոն Ջուլֆալակյանին:

Վերջինս բավականին սկանդալային կերպով հրաժարական տվեց մի քանի օր առաջ: Էդուարդ Սահակայնը նշում է, որ երկար տարիներ Ջուլֆալակյանի հետ աշխատելուց հետո այժմ դժվար է առանց նրա նման կարևոր ստուգատեսի պատրաստվելը.

«Երկար տարիներ ենք աշխատել Լևոն Ջուլֆալակյանի հետ ու երկրորդ կարծիք չկա, շատ դժվար է առանց նրա աշխատելը: Բայց մենք մարզիչներով այս պահին աշխատում ենք այնպես անել, որ թիմը տեմպի մեջ լինի ու նորմալ մոտենանք ԱԱ-ին:

Ես ամբողջ կյանքս սպորտի մեջ եմ եղել ու համարում եմ, որ այս պահն էլ պետք է իմ գործընկերների՝ Սամվել Գևորգյանի ու Գևորգ Ալեքսանյանի հետ կարողնանք այս փուլը հաղթահարել»:

Վերջին օրերին շատ է քննարկվում Արսեն Ջուլֆալակյանի կամ Կարապետ Չալյանի՝ աշխարհի առաջնություն մեկնելու հարցը: Այս անգամ որոշվել է, որ 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Կարապետ Չալյանը.

«Արսեն Ջուլֆալակյանի փոխարեն Կարապետ Չալյանին ընտրելը որոշվել է ՀԱՕԿ-ի և ըմբշամարտի ֆեդերացիայի միջոցով: Կազմակերպվեց հանդիպում Չալյանի և Ջուլֆալակյանի միջև, որտեղ բոլոր հարցերին պատասխան տրվեց: Տեղի ունեցավ գոտեմարտ, որտեղ էլ որոշվեց, թե ով է գնալու ԱԱ: Գոտեմարտի ժամանակ տարբերություն չկար, ով հաղթեր, նա էլ մեկնելու էր աշխարհի առաջնություն:

Արսեն Ջուլֆալակյանը ցանկություն չհայտնեց թիմի հետ մասնակցելու հավաքին: Իհարկե, կցանկանայինք, որ նա այստեղ լիներ: Լևոն Ջուլֆալակյանի հրաժարականից հետո նա որոշեց, որ չի մասնակցելու հավաքին:

Ապագայում կարող է նաև մարզվել հավաքականի հետ, չի բացառվում: Կանցկացվի Հայաստանի առաջնություն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այդ ժամանալ էլ պարզ կլինի, թե ովքեր են լինելու հավաքականի կազմում»:

Ըմբաշամարտի ֆեդերացիայում կա կանոնակարգ, որի միջոցով որոշվում է, թե ով պետք է մասնակցի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին: Սահակյանը պատասխանեց, թե ինչու է այս անգամ 77 կգ քաշյաին կարգում ստուգողական գոտեմարտ անցկացվել ու նման ձև որոշվել ԱԱ մեկնող ըմբիշի անունը.

«Մեր աշխատանքն այնպես չէ, որ պետք է գրենք ու կատարենք: Այս սպորտաձևն անհատական է, լինում են այնպիսի պահեր, որտեղ պետք է որոշվի ոչ անուններին համապատասխան, այլ ֆեդերացիայի, մարզիչների, ՀԱՕԿ-ի հետ համատեղ: Տվյալ պահին այդպես ստացվեց»:

Սահակյանը պատասխանեց նաև այն հարցին, որ մի ամիս տևած խմորումները կարո՞ղ են անդրադառնալ հավաքականի ելույթների վրա:

«Կապրենք՝ կտեսնենք»:

Ըմբիշների մարզավիճակի մասին ու ԱԱ-ից սպասելիքների մասին խոսելիս Սահակյանն ասաց.

«Մալխաս Ամոյանը պատրաստ է աշխարհի առաջնությանը, հավատում ենք նրան, այդ պատճառով ինքը կազմում է:

Ակնկալիքների մասին նախապես ոչինչ ասել չեմ կարող: Իմ առջև խնդիր եմ դրել մասնակցել գերազանց: Արթուր Ալեքսանյանը նույնպես պատրաստ է»:

Հավելենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Նուրսուլթան է մեկնելու սեպտեմբերի 12-ին:

armsport.am

Back to top button
Close