Նորություններ

Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուին իշխող կուսակցությունից հեռացնելու պահանջ է դրվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կենտրոնական գործադիր խորհրդի նիստը:

Ըստ հրապարակման՝ նիստի ընթացքում որոշվել է «ԱԶԿ-ի ներքին կանոնադրությանը հակասող հայտարարությունների և կեցվածքի» համար նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին, Ս. Օզդաղին, Ա. Սեֆեր Ուսթունին և Ա. Բաշջըին կուսակցությունից հեռացնելու պահանջ ներկայացնել կուսակցության կարգապահական խորհրդին: Նշվել է, որ պահանջի մասին որոշումն ընդունվել է միաձայն:

Կուսակցության անդամներին կուսակցությունից հեռացնելու ընթացակարգի համաձայն՝ ԱԶԿ-ի գործադիր խորհրդի պահանջը պետք է ուղարկվի ԱԶԿ-ի կարգապահական խորհրդին: Վերջինիս նախագահը նիստ պիտի գումարի, որի ընթացքում կուսակցության այն անդամներից, որոնց նկատմամբ հեռացնելու որոշում է կայացվել, պահանջվելու է բանավոր և գրավոր բացատրություն ներկայացնել: Կարգապահական խորհրդի՝ բանավոր և գրավոր բացատրություն ներկայացնելու պահանջը որոշակի ժամանակում չբավարարելու դեպքում նրանց անդամակցությունը ինքնաբերաբար կդադարի:

Նշենք, որ թուրքական մամուլում վերջին շրջանում հայտնվող հրապարակումներում Դավութօղլուի անունը կապվում է նոր հիմնվելիք կուսակցության հետ: Ըստ շրջանառվող լուրերի՝ նոր կուսակցության հիմնադիրների շարքում բացի Դավութօղլոից լինելու են Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը:

ermenihaber.am

Back to top button
Close