Նորություններ

«Սիրիացի փախստականների ճգնաժամը. տարածաշրջանայինից մինչև գլոբալ մարտահրավերներ»

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի կլոր դահլիճում տեղի ունեցավ «Սիրիացի փախստականների ճգնաժամը. տարածաշրջանայինից մինչև գլոբալ մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան Արևելագիտության ինստիտուտի, Ճապոնիայի 3 համալսարանների, Մեծ Բրիտանիայի Էքզեթերի համալսարանի, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հետազոտողներ:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կազմակերպեց միջդիսցիպլինար միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկվեցին մի կողմից մերձավորարևելյան հետազոտություններին, իսկ մյուս կողմից՝ միգրացիային և փախստականների հիմնախնդիրներին առնչվող հիմնահարցեր: Գիտաժողովում քննարկվեցին սիրիացի փախստականների խնդիրները տարբեր երկրների՝ Լիբանանի, Գերմանիայի, Թուրքիայի, Իտալիայի, Ճապոնիայի ներքին և արտաքին քաղաքական օրակարգերի, ինչպես նաև աշխարհքաղաքական զարգացումների համատեքստում, փախստականների տեղաշարժերի առանձնահատկությունները, էթնիկ և կրոնադավանական գործոնները, նրանց վերադարձի հնարավորությունները, Սիրիայի հայ համայնքի խնդիրները:

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ ՀՀԳԲ ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Գիտաժողովին ներկա են Ազգային ժողովի պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Հովհաննես Իգիթյանը, ՀՀ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ ու դիվանագետներ:

***

Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների հետևանքով Եվրոպայում ծագած միգրացիոն ճգնաժամը համարվում է ամենախոշորը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում 2011թ. սկսված հակամարտության հետևանքով մահացել է մոտ կես միլիոն մարդ, ավելի քան 12 միլիոն մարդ լքել է իր տունը, որոնցից 5,5 միլիոնը դարձել են փախստական, իսկ 6,3 միլիոնը՝ ներքին տեղահանված:

Սիրիական ճգնաժամն ու փախստականների խնդիրն առնչվում է Հայաստանի Հանրապետությանը ևս։ Բացի այն, որ Հայաստանի Հանրապետությունը մտահոգված է բարեկամ Սիրիայում պատերազմական գործողությունների ընթացքով, Սիրիայում գոյություն ունի մեծաքանակ հայ համայնք։

Սիրիահայ համայնքը պատերազմի հետևանքով կրել է մարդկային, նյութական և այլևայլ կորուստներ։ Ավերվել են  հայկական ազգային հաստատություններ, այդ թվում՝ հայկական եկեղեցիներ ու դպրոցներ, հայերի շրջանում մեծացել են արտագաղթի և հարկադիր տեղահանման ծավալները։

Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետությունը համարվում է սիրիական պատերազմի հետևանքով հարկադիր տեղահանված՝ հիմնականում հայկական ծագում ունեցող անձանց և փախստականների հյուրընկալող երկիր։ Պատերազմից հետո Հայաստանում հաստատվել են մոտ 22-25 հազար հայեր։ Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո մշակել է Հայաստանում սիրիահայերի աջակցության ու ինտեգրման առանձին ծրագրեր։ Ընդունած սիրիացի փախստականների թվով Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, իր բնակչության թվի համեմատ, Եվրոպայում երրորդ երկիրն է՝ զիջելով միայն Գերմանիային և Շվեդիային։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ

 

Back to top button
Close