ՆորություններՍպորտ

Մխիթարյանից Ազար, Գրիզմանից Ֆելիշ. Թեժ ամառվա թեժ տրանսֆերները

Մոտեցավ ավարտին 2019 թ ամառային տրանսֆերային պատուհանը: Այն աննախադեպ էր իր ակտիվությամբ, հետաքրքական տեղափոխություններով և հնչեղ անուններով: Ֆուտբոլային մրցաշրջանի ավարտին եվրոպական ակումբները՝ ամփոփելով գրանցած արդյունքները, ձեռնամուխ են լինում թույլ օղակների ամրապնդմանը, հնարավորինս տաղանդավոր և հնչեղ անուններով խաղացողներ ձեռք բերելուն:

Ժամանակակից ֆուտբոլը թելադրում է իր կանոնները: Ֆուտբոլային մրցաշրջանը երկարատև է և հյուծող: Եվրոպական թիմերը ֆուտբոլային տարվա ընթացքում մասնակցում են մի քանի մրցաշրջանների, և ակումբի մարտունակությունն ու ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը բարձր պահելու համար անհրաժեշտ է ունենալ երկար պահեստային նստարան: Իր հերթին առանձին ֆուտբոլիստների հեռանալը իրենց հարազատ ակումբներից բացեր է ստեղծում թիմերի համար, որոնք պիտի լրացվեն նույն կարգը ունեցող մարզիկների շնորհիվ: Այս տրանսֆերային պատուհանը ևս չառանձնացավ նախորդներից, և մեծ ակումբներն ու առաջնությունները խելահեղ գումարներ ծախսեցին իրենց ֆուտբոլային «ծարավը» հագեցնելու համար: Առաջատարի դերում, ինչպես վերջին մի քանի տարիներին, անգլիական, իսպանական և իտալական ակումբներն էին: Գերմանական ակումբներից ամենամեծ գումարները ծախսեցին Բավարիան և Դորտմունդի Բորուսիան:

Ամենաշատ գումարներ ծախսած թիմերի թոփ տասնյակում հաջորդաբար հետևյալ թիմերն են. «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Ատլետիկո Մադրիդ», «Յուվենթուս» «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ինտեր», «Արսենալ», «Ասթոն Վիլլա»։ Այժմ փորձենք առանձին-առանձին անդրադառնալ թոփ առաջնություններին և այնտեղ տեղի ունեցած աղմկոտ տեղափոխություններին:

Անգլիայի Պրեմիեր լիգա

Անգլիական ակումբները վերջին տարիներին սկսել են տիրապետել հսկայական ֆինանսական ռեսուրսների և իսկական ֆուռոր են առաջացնում տրանսֆերային շուկայում: Եվ դա առանց հետևանք չի մնում: Պատահական չէ,որ նախորդ մրցաշրջանի եվրագավաթների եզրափակիչ հանդիպումներում միմիայն անգլիական ակումբներ էին: Այս տարի ևս «մառախլապատ ալբիոնում» հանգրվանեցին մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ:

«Մանչեսթեր Սիթի» 

«Քաղաքայինները» նախորդ մրցաշրջանում էլ գերհզոր կազմ ունեին: Սակայն նրանց առանձին խաղային օղակներում կային դիրքեր, որոնք ամրապնդման կարիք ունեին: Խոսքը վերաբերում էր, մասնավորապես, հենակետային կիսապաշտպանի գոտում Ֆերնանդինյոյին արժանի փոխարինող գտնելուն: Պեպ Գվարդիոլայի թիմը այս խաղային դիրքը փակելու համար 70 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց «Ատլետիկո Մադրիդի» 23 ամյա կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերը: Թիմը նաև իտալական «Յուվենտուսից» 65 մլն եվրոյով գնեց պորտուգալացի աջ եզրային պաշտպան Ժոաու Կանսելույին, իսկ հակառակ ուղղությամբ Իտալիա տեղափոխվեց բրազիլացի պաշտպան Դանիլոն: Հատկանշական են նաև «ՊՍՎ»-ից և «Ժիրոնայից» պաշտպաններ Անջելինյոյի և Պեդրո Պորրոյի տրանսֆերները: Վերջինս վարձավճարով հանձնվեց «Ռեալ Սոսյեդադին»: Այս ամռանը անգլիական ակումբը լքեցին նաև առանցքային պաշտպաններ Վենսան Կոմպանին(Անդերլեխտ), ով դարձել էր թիմի կենդանի լեգենդը և Ֆաբիան Դելֆը (Էվերթոն):

«Մանչեսթեր Յունայթեդ»

Չնայած այն փաստին,որ մանկունյացիները խնդիրներ ունեին հարձակման գծում և նոր կատարողների կարիք կար, այնուամենայնիվ, Սուլշերը ձեռնպահ մնաց հարձակման գիծը թարմացնելուց: Փոխարենը՝ Լուկակուն տեղափոխվեց «Ինտեր», իսկ «Յունայթեդը» համալրվեց պաշտպանական գծի թանկարժեք կատարողներով. Լեսթերից 87 մլն եվրոյի դիմաց Մանչեսթեր տեղափոխվեց Հարի Մագուայրը, ինչը կենտրոնական պաշտպանի համար ռեկորդային էր: Իսկ ահա պաշտպանության եզրը ամրապնդելու համար «Քրիսթալ Փելեսից» 55 մլն եվրոյով գնվել է Արոն Վան Բիսսական: Թիմից հեռացան հարձակվողներ Ալեքսիս Սանչեսը, ով այդպես էլ չդրսևորեց իրեն Յունայթեդում, և Լուկակուն, երկուսն էլ՝ «Ինտեր», պաշտպաններ Մատեո Դարմիանը՝ «Պարմա», Քրիս Սմոլլինգը՝ «Ռոմա» և կիսապաշտպան Անդեր Հերրերան՝ «ՊՍԺ»։

«Արսենալ», «Տոտենհեմ»

Բավականին հավակնոտ տրանսֆերային քաղաքականություն դրսևորեցին Լոնդոնի երկու ակումբները՝ «Արսենալը» և «Տոտենհեմը»: Առաջինը «Լիլից» ձեռք բերեց Ֆրանսիայի նախորդ առաջնության երկրորդ ռմբարկու իվուարցի Նիկոլա Պեպեին, ով փայլուն մրցաշրջան անցկացրեց: Տրանսֆերի ընդհանուր արժեք կազմեց 80մլն եվրո: Զինագործների կազմը համալրեցին նաև իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը և վերջապես ամրապնդվեց «Արսենալում» խնդրահարույց համարվող ձախ եզրային պաշտպանի դիրքը. «Սելթիկից» գնվեց Քիրան Թյորնին: Զինագործների թերևս գլխավոր կորուստը Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն է իտալական «Ռոմա»:

Լոնդոնյան մյուս ակումբը ևս ակտիվ էր շուկայում: Պատրիկ Վիեյրայի հետնորդը համարվող Նդոմբելեն «Լիոնից» Անգլիա տեղափոխվեց 60 մլն եվրոյի դիմաց: Ուշադրության է արժանի նաև «Բետիսի» արգենտինացի կիսապաշտպան Ջիովանի Լո Չելսոյի տրանսֆերը: Ինչ վերաբերում է ՉԼ ներկայիս գավաթակիր «Լիվերփուլին» և «Չելսիին», ապա վերջիններս իրենց բավական պասիվ դրսևորեցին պատուհանի ժամանակ:

Լա Լիգա

«Ռեալ Մադրիդ» 

Այս ամառվա գլխավոր դերակատարները տրանսֆերային շուկայում «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան» էին: Առաջինը ուներ երկու հստակ խնդիր. առաջին՝ արժանի փոխարինող գտնել նախորդ տարի «Յուվենտուս» հեռացած Ռոնալդուին և երկրորդ՝ թիմ հրավիրել այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք տիտղոսներ նվաճելու հանդեպ հետաքրքրությունը կորցրած վետերանների ֆոնին կկարողանան վառ խաղ ցուցադրել: Ըստ Ֆլորենտինո Պերեսի այս պատուհանը պետք է լիներ «Ռեալի» վերափոխման սկիզբը: Ամառվա ամենաթանկարժեք տրանսֆերը պատկանում է հենց մադրիդցիներին: 150 մլն եվրոյի դիմաց «Ռեալ» տեղափոխվեց Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, ով հավակնում է դառնալ Ռոնալդուի փոխարինողը:Հարձակման գիծը թարմացնելու համար «արքայական» ակումբի ղեկավարները գնեցին նաև «Այնթրախտի» սերբ հարձակվող Լուկա Յովիչին, և «Սանթոսի» հրաշամանուկ Ռոդրիգոյին: Իսկ պաշտպանության գիծը ամրացնելու եկան Մենդին «Լյոնից» և Էդեր Միլիտաոն «Պորտուից»: Ընդհանուր առմամբ «Ռեալը» ողջ տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսեց շուրջ 305 մլն եվրո:

«Բարսելոնա»

Կատալոնական ակումբը ևս պահեց եվրոպական գերակումբի իր կարգը՝ պայթեցնելով տրասֆերային շուկան: Աշխարհի չեմպիոն Անտուան Գրիզմանը վերջապես դարձավ Լիոնել Մեսսիի խաղընկերը՝ կազմելով հարձակման մահացու եռյակ Սուարեսի և արգենտինացու հետ: Կրոյֆյան փիլիսոփայությունը ակումբում վերականգնելուն էր միտված նաև Ֆրենկի դե Յոնգի տեղափոխությունը, որը ճանաչվեց Եվրոպայի լավագույն կիսապաշտպան նախորդ մրցաշրջանի արդյունքներով: «Բարսայի» շարքերը համալրեցին նաև դարպասապահներ Ջունիոր Ֆիրպոն և Նետոն:

«Աթլետիկո Մադրիդ»

Գրիզմանի տեղափոխությունը ունեցավ շղթայական ռեակցիայի ազդեցություն, քանի որ «Աթլետիկոն» պետք է կարողանար արժանիորեն փոխարինել իր առաջատարին: Որպես թեկնածու՝ թիմի ղեկավարները կանգ առան Պորտուգալացի հրաշամանուկ Ժոաո Ֆելիշի վրա: Վերջինս մրցաշրջանի սկզբում արդեն իրեն ֆանտաստիկ է դրսևորում: «Բենֆիկային» մադրիդցիները վճարեցին 120 մլն եվրո: «Աթլետիկոն» «Ռեալից» գնեց նաև Մարկոս Լյորենտեին, «Պորտուից»՝ Էկտոր էրերային և «Տոտենհեմից»՝ Քիրան Տրիպյեին:

Լա Լիգայի ամենաաղմկոտ տրանսֆերներից մեկն էլ պատկանում է ոչ ավել,ոչ պակաս «Բետիսին»: Եվրոպական գրանդ ակումբները իսկական որս էին սկսել «Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի նկատմամբ, սակայն վերջինս ընտրեց հենց իսպանական ակումբը: Գործարքի գինը կազմեց 19 մլն եվրո:

Ա Սերիա

«Յուվենտուս» 

Սարիի՝ «Յուվենտուսը» գլխավորելուց հետո, սպասվում էր, որ թիմի խաղը տակտիկական փոփոխություններ պիտի կրի: Այդ փոփոխությունները կառուցվելու էին թիմի նորեկների և արդեն այնտեղ գտնվող փորձառու խաղացողների շուրջ: Եվ այստեղ, «Յուվեի» սկաուտները գործի դրեցին իրենց գլխավոր զենքը՝ ազատ գործակալների որոնումը և նրանց հետ բանակցությունները: Ոչ ոք Եվրոպայում չի կարողանում իտալական այս գերակումբի նման անվճար, բայց միաժամանակ որակյալ ֆուտբոլիստներ գնել: Արդյունքում «Յուվենտուսը» ամրապնդեց կիսապաշտպանական գիծը Ադրիեն Ռաբիոյի(ՊՍԺ) և Արոն Ռեմսիի («Արսենալ») տրանսֆերների միջոցով: Ամառային տրանսֆերային պատուհանի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկը կապված էր փայլուն մրցաշրջան անցկացրած հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտի հետ: «Յուվենտուսը» կարողացավ ամենաարդյունավետը կազմակերպել բանակցային գործընթացը հոլանդական «Այաքսի» հետ և ձեռք բերեց 19-ամյա, բայց արդեն Եվրոպայում իր դիրքի լավագույններից մեկը համարվող ֆուտբոլիստին: «Յուվենտուսը» այս պատուհանի ընթացքում կատարեց նաև աղմկոտ փոխանակություն՝ ձեռք բերելով «Մանչեսթեր Սիթիի» աջ եզրային պաշտպան Դանիլոյին. փոխարենը հակառակ ուղղությամբ մեկնեց քաղաքայինների տրանսֆերային թիրախը հանդիսացող պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն: Յուվեի գլխավոր կորուստը թերևս Մոյզե Քինի տեղափոխությունն էր անգլիական «Էվերթոն»:

«Ինտեր»

Շոշափելի ձեռքբերումներ կատարեց նաև իտալական մյուս գրանդը՝ Միլանի «Ինտերը»: Մրցաշրջանի ավարտից հետո թիմը գլխավորեց Անտոնիո Կոնտեն: Վերջինս խորը մարտավարական ֆուտբոլի սիրահար է և նոր ֆուտբոլիստներ գնում է բացառապես իր կառուցած մոդելի համապատասխան: Ամենաաղմկոտը թերևս 90 մլն եվրոյի դիմաց մանկունյացիների նախկին հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերն էր: Անտոնիո Կոնտեի միջնորդությամբ թիմի ղեկավարները ձեռք բերեցին նաև Իտալիայի հավաքականի երկու, թերևս, ամենատաղանդավոր կիսապաշտպաններրին.Ստեֆանո Սենսիին՝ «Սասուլոյից» և Բարելային՝ «Կալյարիից»: Ավելի վաղ «ներաձուրիների» կազմը համալրել էր «Աթլետիկո Մադրիդի» առանցքային պաշտպան Դիեգո Գոդինը: Իսկ ահա տրանսֆերային պատուհանի վերջին մի քանի օրերին իտալական ակումբի հարձակման գիծը վարձավճարով համալրեց չիլիացի Ալեքսիս Սանչեսը, ով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում կորցրել էր մարզավիճակը և նոր մարտահրավեր էր փնտրում: Այսպիսի բարձրակարգ հարձակվողներ ձեռք բերելու և Կոնտեի տակտիկական առանձնահատկությունների հետևանքով «Ինտերը» այլևս չուներ կենտրոնական հարձակվող Մաուրո Իկարդիի կարիքը: Եվ ահա, տրանսֆերային պատուհանի վերջին օրը ֆրանսիական ՊՍԺ-ն ավարտին հասցրեց արգենտինացի հարձակվողի վարձակալական հիմունքներով տեղափոխման գործարքը՝ հաջորդ տարի ամբողջական տրանսֆերը գնելու պայմանով:

«Միլան», «Նապոլի» 

Միլանյան մյուս ակումբի ղեկավարները վերջին տարիներին որդեգրել են ոչ աղմկոտ, բայց պրոդուկտիվ տրանսֆերներ կատարելու քաղաքականությունը: Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին թիմը ձեռք բերեց Մունդիալ 2018-ին փայլուն խաղ ցուցադրած խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչի տրանսֆերը գերմանական «Այնտրախտից»: Գերմանացիները փոխարենը ստացան պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվային: Կիսապաշտպանական գծում թարմություն ստանալու համար թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջամպաոլոն նախընտրեց ձեռք բերել Աֆրիկայի գավաթի հայտնությունը դարձած ալժիրցի Իսմայել Բեննասերին և Բոսնիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռադե Կրունիչին: Իր հերթին Իտալիայի փոխչեմպիոն «Նապոլին» ձեռք բերեց Հոլանդիայի առաջնության ամենաաստղային ֆուտբոլիստներից մեկին՝ արագաշարժ եզրային հարձակվող Իրվին Լոզանոյին: Այս ֆուտբոլիստի համար նեապոլիտանցիները ՊՍՎ-ին վճարեցին 40 մլն եվրո: Հատկանշական է նաև «Ռոմայի» կենտրոնական պաշտպան Կոստաս Մանոլասի տրանսֆերը: Այս ֆուտբոլիստը իր նոր թիմակից Կուլիբալիի հետ կարող է կազմել Եվրոպայի ամենահզոր պաշտպանական զույգերից մեկը:

«Ռոմա» և Հենրիխ Մխիթարյան 

Հայ ֆուտբոլասերների համար այս տրանսֆերային պատուհանի ամենակարևոր տեղափոխությունը կապված է Հենրիխ Մխիթարյանի անվան հետ: Նախորդ մրցաշրջանը ցույց տվեց, որ Հենրիխը իրեն այդքան էլ վստահ չի զգում «Արսենալի» կազմում: Տրանսֆերային պատուհանի ժամանակ զինագործները ձեռք բերեցին Նիկոլա Պեպեին և Դանի Սեբալյոսին: Փաստորեն, մեկնարկային կազմում խաղալու Հենոյի շանսերը նվազագույնի հասան: Եվ ահա տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը հայտնվեց իտալական «Ռոման» և բավականին շահեկան առաջարկ կատարեց Հենրիխին: «Գայլերը» հարձակվողական մարտավարության են դավանում և սպասելի է, որ Ա Սերիայի համեմատաբար ավելի թույլ խաղային տեմպի պայմաններում Հենրիխը իրեն ավելի հարմարավետ կզգա: Գործարքի գինը կազմել է 25 մլն եվրո: Իսկ Հենոն կխաղա 77 համարի մարզաշապիկով: Դե ինչ, հաջողություն մաղթենք հայազգի ֆուտբոլիստին նոր ակումբում և ցանկանանք բազմաթիվ գոլեր և գոլային փոխանցումներ:

Գերմանիայի առաջնություն.

«Բավարիա» և «Բորուսիա»

Մյունխենցիների խնդիրը այս տրանսֆերային պատուհանից առաջ Արյեն Ռոբբենին և «Ֆիորենտինա» հեռացած Ֆրանկ Ռիբերիին փոխարինողներ գտնելն էր: Թիմի սկաուտները չհապաղեցին և Միլանի «Ինտերից» ձեռք բերեցին Իվան Պերիշիչին: Իսկ Բունդեսլիգայի այս տարվա ամենահնչեղ տրանսֆերը Ֆիլիպե Կոուտինյոինն էր: Բրազիլացի աստղային ֆուտբոլիստը 80 մլն արժեք ունեցող վարձակալական գործարքի շրջանակներում տեղափոխվեց Գերմանիա: Սպասվում է, որ «Բարսելոնայի» արդեն նախկին ֆուտբոլիստը կդառնա Բունդեսլիգայի ամենավառ աստղերից մեկը: Կազմի ամրապնման միտված ձեռքբերումներ կատարեց նաև Դորտմունդի «Բորսուսիան»: Թիմը համալրեցին Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ջուլիան Բրանտը, Էդեն Ազարի եղբայր Տորգան Ազարը և վարձակալությունից հետո գնվեց Պակո Ալկասերի ամբողջական տրանսֆերը:

ՊՍԺ

Տրանսֆերային պատուհանում իրեն հատուկ ակտիվություն դրսևորեց նաև փարիզյան ակումբը: Ճիշտ է, թիմը ռեկորդային ձեռքբերումներից զերծ մնաց, բայց ամրապնդեց թիրախային դիրքերը: Էդինսոն Կավանիի հետ հիմնական կազմում մրցակցություն ստեղծելու համար վարձավճարով Փարիզ տեղափոխվեց Մաուրո Իկարդին, ում ԶԼՄ-ները ամբողջ ամառ ուղարկում էին «Յուվենտուս» և «Նապոլի»: Ուշադրության է արժանի նաև «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի ձեռքբերումը, ում տեղափոխությամբ ՊՍԺ-ն վերջապես համաշխարհային մեծության դարպասապահ ունեցավ: Ավելի վաղ փարիզյան ակումբը «Սևիլյայից» գնել էր կիսապաշտպան Պաբլո Սարաբիային և մանկունյացիների հենակետային Անդեր Հերերային:

Դե ինչ, տրանսֆերային պատուհանը փակվեց: Որոշ թիմեր իրականացրեցին իրենց մտադրությունը, որոշները ձեռնունայն մնացին: Այս պատուհանի արդյունքում տեղի ունացան փոփոխություններ, որոնք անկասկած մեծ ազդեցություն կունենան գործող մրցաշրջանի վրա և վերադասավորումների կենթարկեն եվրոպական ֆուտբոլում եղած ուժերի դասավորությունը: Դե իսկ Նեյմարը մնաց ՊՍժ-ում: Սա թերևս այս ամռան գլխավոր ֆուտբոլային հիասթափությունն է:

armsport.am

Ավելին
Back to top button
Close