Նորություններ

Հայտնի է Վրաստանի նոր վարչապետի թեկնածուի անունը

Քիչ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում ավարտվեց քաղխորհդի նիստը, որի գլխավոր քննարկման թեման Վրաստանի նոր վարչապետի թեկնածուի ընտրությունն էր:

Կուսակցության հիմնադիր և ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ներկայացրեց նոր թեկնածուին՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային: Իվանիշվիլիի խոսքով, վրաց հասարակությունը շատ լավ է ճանաչում Գախարիային և նա կարդարացնի հույսերը:

Գիորգի Գախարիան 2013 թվականից աշխատում էր, որպես բիզնեսօմբուդսման, ապա էկոնոմիկայի նախարար: 2017 թվականի նոյեմբերից Գախարիան նշանակվեց ՆԳ նախարար:

Գիորգի Գախարիան վերջին ամիսների ընթացքում ամենաքննադատված քաղաքական դեմքերից է Վրաստանում: 2019 թվականի հունիսին ակցիան ցրելու պատճառով, որի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվեցին, հասարակության մի մասն առ այսօր պահանջում է նրա հրաժարականը:

Հիշեցնենք, որ երեկ հրաժարական տվեց շուրջ մեկ տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Մամուկա Բախտաձեն։

Վրաստանի վարչապետի հրաժարական տալու դեպքում, կառավարությունը շարունակում է պարտականությունների իրականացումը մինչև նոր վարչապետի նշանակումը:

Վրաստանի նոր Սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականից կամ լիազորություններից այլ ճանապարհով զրկվելուց հետո 2 շաբաթվա ընթացքում խորհրդարանն իր վստահությունն է հայտնում խորհրդարանի ընտրություններում լավագույն արդյունքն ունեցող քաղաքական կուսակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին։ Այնուհետև առաջադրված թեկնածուն ներկայացնում է կառավարության կազմն ու ծրագիրը։

Վստահություն ստանալու համար հարկավոր է խորհրդարանի ողջ կազմի մեծամասնության աջակցությունը:

Սրա հետ մեկտեղ, եթե խորհրդարանը կառավարության սահմանած ժամկետում վստահություն չի հայտնում, Վրաստանի նախագահը համապատասխան ժամկետի ավարտից ոչ ավելի շուտ քան 2, ոչ ավելի ուշ քան 3 շաբաթ անց, խորհրդարանը ցրում է ու նշանակում արտահերթ ընտրություններ.

aliq.ge

Ավելին
Back to top button
Close