Նորություններ

Արցախը և Հայաստանն ունեն բավարար կարողություն խաղաղության օրակարգը առաջ տանելու համար. Զոհրաբ Մնացականյան

Այսօր կայացած լրագրողների հետ ճեպազրույցում ԱՀ և ՀՀ արտաքին գործերի նախարարներ Մասիս Մայիլյանն ու Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել են Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` անդրադառնալով հարցին` ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ դեռևս կարիք կա որոշ չափով խոսելու և գնահատելու Արցախի ու Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցը:

«Լինելով բանակցային գործընթացի մասնակից և աշխատելով այդ ուղղությամբ` առաջին հերթին ուզում եմ ընդգծել շատ էական կարևոր մի դրույթ, որ Արցախի հարցն առաջին հերթին վերաբերում է մեր հայրենակիցների էկզիստենցիալ անվտանգությանը: Սա կարևորագույն խնդիր է մեր բոլորիս համար: Բնականաբար, դրանից բխող ստատուսի հարցը ձևավորում են մեր կարևոր գերակայությունները: Պետք է ընդգծել, որ  խաղաղությունը այնընտրանք չունի և այս կետը պնդում ենք` հիմնվելով այն ինքնավստահության վրա, որ Արցախը և Հայաստանն ունեն բավարար կարողություն խաղաղության օրակարգը առաջ տանելու համար: Այս նպատակին ծառայելու է յուրաքանչյուր գործողություն, որը պետք է լինի գիտակցված»,- մասնավորապես նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Իր հերթին ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ասել է, որ ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցը քննարկման փուլում է: Դեռևս ընթացիկ տարվա մարտին կայացած Անվտանգության խորհրդի համատեղ նիստի ժամանակ ևս անդրադարձ է կատարվել այդ հարցին: «Կարծում եմ` դրական ընթացքի արդյունքում մենք կարող ենք ստանալ մի իրավիճակ, երբ ունենալով նման փաստաթուղթ, կընդգծենք Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը, որը ինչ-որ չափով դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար` որոշակի ճնշումներից խուսափելու համար: Որոշումը պետք է ընդունվի և կյանքի կոչվի համատեղ աշխատանքի արդյունքում»,- ավելացրել է ԱՀ ԱԳ նախարարը:

artsakhpress.am

Ավելին
Back to top button
Close