Նորություններ

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ կենտրոնական ապարատների համատեղ խորհրդակցություն

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների կենտրոնական ապարատների՝ իր ձևաչափով առաջին համատեղ խորհրդակցությունը՝ արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում Արցախի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը հանդես են եկել ելույթներով։ Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է հանրապետության արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները, նրա միջազգային ճանաչման գործընթացի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Արցախի իշխանությունների դիրքորոշումը։

Մասիս Մայիլյանը, մասնավորապես, նշել է, որ արցախյան պետականության ամրապնդումը, ինչպես նաև որոշակի համաշխարհային միտումները, համաձայն որոնց՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը դիտարկվում է որպես էթնո-քաղաքական հակամարտությունների լուծման հիմք, նոր հնարավորություններ և հեռանկարներ են բացել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումներին կայուն և անշրջելի բնույթ հաղորդելու կարևորությունը։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Մասիս Մայիլյանը գոհունակությամբ է նշել, որ երկու հայկական պետությունների ղեկավարությունների դիրքորոշումը՝ պաշտոնական Ստեփանակերտի ուղիղ և լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման հարցում, ամբողջովին համընկնում են՝ միաժամանակ նշելով մի շարք քայլեր՝ սահմանված նպատակին հասնելու համար։

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ արտաքին քաղաքական ընդհանուր օրակարգի և միջազգային ասպարեզում հայկական երկու պետությունների առջև ծառացած խնդիրների լուծման համար նոր գաղափարների և մոտեցումների մշակման շուրջ։ Այս համատեքստում քննարկվել են համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման ուղղությամբ գործնական քայլեր, ինչպես նաև որոշվել մի շարք հարցեր, որոնք վերաբերում են նախարարությունների և նրանց համապատասխան ստորաբաժանումների միջև խորհրդակցությունների օրակարգին՝ երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պլանի համաձայն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով պարբերական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ։

Ավելին
Back to top button
Close