Նորություններ

Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցության հայտարարությունը Գյումրու Վարդանանց հրապարակի կառուցապատման եւ եղեւնիների տեղահանման քաղաքապետի մտահղացման մասին

Գյումրու քաղաքապետը մտահղացել է Համաշխարհային բանկի միջոցներով վերակառուցել Գյումրու Վարդանանց հրապարակը, մասնավորապես՝ քերել հրապարակի ասֆալտը եւ այն սալաքարապատել, ինչպես նաեւ տեղահանել արդեն մոտ 50 տարի հրապարակում աճող եղեւնիները, որոնք, իր եւ իր խորհրդատուների սեւեռուն կարծիքով, իբր տգեղ են եւ իբր փակում են Ամենափրկիչ եկեղեցու տեսքը: Հրապարակի վերակառուցման գաղափարը քաղաքապետն արծարծել է մի քանի անգամ ավագանու նիստերում՝ փորձելով դրական տրամադրություն ստեղծել դրանց շուրջ: Ի վերջո, հանդիպելով ավագանու անդամներից մի քանիսի դիմադրությանը, սեպտեմբերի 3-ին հանրային քննարկում է նշանակել Գյումրու քաղաքապետարանում՝ հանրության կարծիքն իմանալու համար:

Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը, ուսումնասիրելով խնդիրը, հավատարիմ մնալով իր նախընտրական ծրագրին, մասնավորաբար՝ քաղաքի համաչափ զարգացման, համայնքային սուղ միջոցների խնայողական եւ արդյունավետ ծախսումների, հանրային շահի գերադասման սկզբունքներին, համարում է, որ Գյումրու Վարդանանց հրապարակի վերակառուցման գաղափարը ոչ միայն ժամանակավրեպ է, այլեւ կոպիտ սխալ է համայնքային խնդիրների արդյունավետ լուծման եւ քաղաքաշինական տեսանկյուններից:

Հերթական անգամ մատնանշում ենք, որ Գյումրու փողոցային ցանցի գրեթե 80 տոկոսը չի նորոգվել կամ հիմնանորոգվել ավելի քան 30 տարի, քաղաքի բոլոր թաղամասերը, բացի կենտրոնից, տասնամյակներով թաղված են ցեխի, փոշու եւ ավերակների մեջ: Առնվազն տարօրինակ է, որ քաղաքապետն անտեղյակ է այդ իրավիճակին: Այս իրավիճակի անտեսմամբ ծախսեր կատարել բարեկարգ հրապարակի վերակառուցման համար առնվազն միջոցների վատնում է: Համայնքի համաչափ զարգացման տեսանկյունից արտակարգ հրատապություն ունի թաղային նշանակության փողոցների շուտափույթ բարեկարգումը: Հրապարակի վերակառուցման գաղափարը մտացածին է եւ անտեղի: Զբոսաշրջության զարգացմամբ այդ վերակառուցման արդարացումը եւ իբր ոչ համայնքային միջոցներով, այլ Համաշխարհային բանկի միջոցներով կառուցապատման բացատրությունը պարզունակ հնարքներ են, որոնցով փորձ է արվում քաղաքացիներին ներկայացնել այդ հնարավոր աշխատանքների  կատարման շահեկանությունը: Այնինչ, զբոսաշրջության տեսանկյունից կարեւոր է նախ հասարակական զուգարաններ կառուցելու, աղբամանների ավելացման, բավարար գիշերային լուսավորության ապահովման եւ բազմալեզու ցուցանակների խնդիրները կարգավորել, իսկ Համաշխարհային բանկի միջոցները նվեր չեն եւ հատկացումից հետո դառնում են հանրային միջոց:

Հրապարակի կանաչ կղզյակներից մեկի տասնյակ եղեւնիների հեռացման կամ վերատնկման գաղափարը նույնպես ոչ մի աղերս չունի քաղաքի հիմնախնդիրների հետ. այս միտքն անհասկանալի պատճառներով շատ է տանջել է ե՛ւ նախորդ, ե՛ւ գործող քաղաքապետին, սակայն այժմ ծառերի հանդեպ այդ անբացատրելի թշնամանքը փորձում են փարատել հանրային լսումների միջոցով հանրությունից համաձայնություն ստանալու եղանակով: Քաղաքապետն ու իր աշխատակազմը մեկընդմիշտ պարտավոր են հասկանալ, որ Գյումրին կանաչ տարածքների սաստիկ պակաս ունի, պարտավոր են ի գիտություն ընդունել այդ եւ այլ կանաչ տարածքների պարտադիր գոյությունը, չհամարձակվել ոտնձգություն անել այդ եւ այլ ծառերի նկատմամբ, եթե մարդկային կյանքի եւ առողջության փրկության խնդիր չի լուծվելու այդպիսով: Գյումրու որեւէ ծառ կամ շենք որեւէ եկեղեցու տեսանելիություն չեն փակում, եկեղեցիները տեսնել կամեցողները կարող են անարգել մոտենալ եկեղեցուն եւ տեսնել այն: Ցավում ենք այսօրինակ հասարակ բաները բացատրելու համար:

Հաշվի առնելով ամբողջ վերը բերվածը՝ կոչ ենք անում Գյումրու քաղաքապետին,

  1. Վերջ տալ Գյումրու բարեկարգ հրապարակի վերակառուցման բոլոր գաղափարների առաջխաղացմանը, քանի դեռ բոլոր փողոցները եւ մյուս հրապարակները չեն հիմնանորոգվել եւ բարեկարգվել, եւ քանի դեռ պատշաճ ենթակառուցվածքներ չեն ստեղծվել քաղաքացիների եւ հյուրերի հարմարավետ անցուդարձի եւ կյանքի համար:
  2. Հանրային, համայնքային, Գյումրուն որպես վարկ կամ դրամաշնորհ հատկացվող բոլոր միջոցները ծախսել առավելագույն արդյունավետությամբ, բարձր պատասխանատվությամբ, հանրային շահի բացարձակ գերադասությամբ՝ բացառելով մասնավոր հետաքրքրությունները եւ, մանավանդ, այս կամ այն մարդու ճաշակի գերադասման բերումով որեւէ լուծում:
  3. Հավատարիմ մնալ ՀՀ գործող քաղաքաշինական նորմերին, Գյումրու ճարտարապետական ավանդույթներին եւ լավագույն համաշխարհային փորձին:

Քաղաքացիներին կոչ ենք անում մասնակցել բոլոր այսօրինակ խնդիրների շուրջ ծավալվող հանրային քննարկումներին, պաշտպանել քաղաքի շահը օրինական եղանակներով եւ ձեւերով՝ թույլ չտալով իշխանություններին հնարովի կարիքների համար հանրային միջոցները սպառել, իսկ  դրա փոխարեն իրական եւ ծանր խնդիրների մեջ թողնել քաղաքը եւս մի քանի տասնամյակ: Մեկընդմիշտ հարկավոր է մերժել արհեստական կարիքների տակ ծախսեր հարմարեցնելու խայտառակ պրակտիկան:

Գյումրու քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին կոչ ենք անում առաջնորդվել մասնագիտական բարեխղճությամբ, բացատրել քաղաքապետին վերոհիշյալ խնդիրների արհեստականությունը եւ հնարավոր ծախսերի անպատեհությունը, հասնել նրան, որ այդ օրակարգը վերացվի: Հակառակ դեպքում քաղաքաշինության խորհուրդն ամբողջությամբ եւ անդամներն անհատապես կիսելու են  հանրային միջոցների եւ վստահության վատնման պատասխանատվությունը:

Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցություն

Արմենուհի Վարդանյան

Քրիստինա Մկրտչյան

Լեւոն Բարսեղյան

Արման Գրիգորյան

Ավելին
Back to top button