Նորություններ

Արդարադատության փոխնախարարն «Աբովյան» ՔԿՀ-ում ներկա է գտնվել մինչև 19 տարեկան անձանց մասնակցությամբ դասապրոցեսին

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և ներկա եղել ազատազրկաման ձևով պատիժ կրող և կալանավորված մինչև 19 տարեկան անձանց մասնակցությամբ դասապրոցեսին: Այն իրականացվում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Կենտրոնն այսօրվանից երեք քրեակատարողական հիմնարկում մեկնարկել է ՔԿՀ-ներում պահվող մինչև 19 տարեկան տասն անձանց՝ 2015 թվականից դադարեցված հանրակրթակրթության իրականացումը:

Նախարարի տեղակալը զրուցել է անչափահաս կալանավորված անձանց և դատապարտյալի հետ, հույս հայտնել, որ մեծ հաճույքով են մասնակցելու դասընթացներին, ցուցաբերելու են ակտիվություն, և շնորհակալություն է հայտնել մանկավարժներին, որոնք անելու են առավելագույնը դասապրոցեսը հետաքրքիր ու բովանադակալի դարձնելու համար: Սրբուհի Գալյանը բոլորին մաղթել է հաջողություն և քաջալերել լավ սովորել, որպեսզի ազատության մեջ կարողանան գտնել արժանապատիվ աշխատանք:

ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը ևս խորհուրդ է տվել հնարավորինս շատ կարդալ՝ ընդգծելով, որ կրթությունն է ստեղծում հետագա բոլոր բարիքները:

Այնուհետև, փոխնախարար Սրբուհի Գալյանը «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Արմեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկում, տեղում ծանոթացել կալանավորված և դատապարտված անձանց պահման պայմաններին, եղել է խցերում, կարանտինային բաժանմունքում, կացարաններում, խոհանոցում, մարզասրահում, բուժմասում և ծանոթացել ՔԿՀ-ի ռեսուրսներին ու կարիքներին:

Շրջայցի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված սննդի բազմազանության ու որակի ապահովման, տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի, դատապարտյալների վերասոցիալականացմանն առնչվող միջոցառումների, առկա և ստեղծվելիք աշխատատեղերում դատապարտյալների ներգրավման հետ:

Ավելին
Back to top button
Close