«Ես այս գործին չեմ ներգրավվել նրա համար, որ ճանապարհի կեսից հետ դառնամ». Արսեն Մկրտչյան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանը նյութերը դեռ չեն ստացել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արսեն Մկրտչյանը` միաժամանակ ավելացնելով, որ դրանցից լուրջ ակնկալիքներ էլ չունեն: Փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում են նախաքննական մարմնին ներկայացնել մի քանի միջնորդություն, այդ թվում քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի մասով քրեական գործով նախաքննության ավարտի մասին: Ավելի քան ութ ամիս տեւած նախաքննությունից հետո ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Նա այժմ մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, հարկային պարտավորություններից խուսափելու, յուրացումներ կատարելու, վատնելու, շորթում կատարելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Փաստաբանի` օրեր առաջ ֆեյսբուքյան գրառումը մտայնություն էր ձեւավորել, որ առաջիկայում հնարավոր է հրաժարվի Գրիգորյանի շահերի պաշտպանութրունից: Մասնավորապես երկու օր առաջ Մկրտչյանը լուսանկար էր հրապարակել ու գրել. «Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով: Մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին: Ես իմ ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»:
Մեր հարցին ի պատասխան, թե արդյոք փաստաբանը շարունակելու է իրականացնել Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունը նաեւ դատարանում` Արսեն Մկրտչյանը նշեց, որ եթե Մանվել Գրիգորյանը չհրաժարվի եւ ցանկություն ունենա, ապա զուտ փաստաբանի կարգավիճակով ինքը կշարունակի իր ներկայացուցչությունը նաեւ դատարանում: «Ես այս գործին չեմ ներգրավվել նրա համար, որ ճանապարհի կեսից հետ դառնամ», — ասաց:
Փաստաբանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ իր գրառումը, որ թյուրընկալման առիթ էր դարձել, արվել էր զուտ ազատամարտիկ Արսեն Մկրտչյանի կողմից: Վերջինս էլ, ինչպես արդեն ասել է, դադարեցնում է իր երկրապահ ընկերոջ պաշտպանությունը, որովհետեւ դրա կարիքը այլեւս չկա, եւ հանրային ճնշումները, ըստ նրա, իրականությանը չեն համապատասխանում: Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ երկրապահ Արսեն Մկրտչյանը դատարանում հոգեբանորեն խոչընդոտի փաստաբան Արսեն Մկրտչյանին, վերջինս պատասխանեց. «Փաստաբան Արսեն Մկրտչյանը խոչընդոտվելու որեւիցե խնդիր չունի ոչ իր մարդ տեսակով, ոչ մասնագիտական գիտելիքներով եւ ոչ փորձով, իսկ եթե հոգեբանորեն որեւէ բան ինձ խոչընդոտեր, ես այդ մասին կբարձրաձայնեի, որովհետեւ միշտ ազնիվ եմ եղել թե վստահորդիս, թե երկրապահ ընկերներիս հետ եւ հայտարարել եմ, որ եթե կասկած ունենամ, որ Մանվել Գրիգորյանը զինվորի մթերք է գողացել, չեմ լինի նրա կողքին»: Պրն Մկրտչյանի խոսքով` այսօր արդեն ինքը կրկնակի համոզվել է, որ այդ մասով որեւէ օրինական ապացույց գոյություն չունի:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ապա փաստաբանը կարծում է, որ կալանավորումն է դարձել պատճառ առողջական վիճակի վատթարացման համար: «Սրա պատասխանատվությունը անհատապես կրում են դատավորներ Մարինե Մելքոնյանը, Արսեն Նիկողոսյանը եւ դատախազը, որովհետեւ մարդը, լինելով դիաբետիկ, նախկինում չի ունեցել ինսուլինակախվածություն, իսկ այսօր ձեռք է բերել այնպիսի կախվածություն, որ 90 կուբիկ ինսուլին է սրսկվում, իսկ սա այն դեպքում, երբ 60 կուբիկ ստացողը 825 որոշման հավելվածի համաձայն պատիժը կրելուց անգամ ազատվում է», — նշեց փաստաբանը: Մկրտչյանի խոսքով` շաքարի ամենաբարձր ցուցանիշը եղել է 32-ը, իսկ երեք օր առաջ բժիշկներին հաջողվել է իջեցնել մինչեւ 17: Այժմ այն գտնվում է 25-ի սահմաններում: Թե որքան ժամանակ Գրիգորյանը կշարունակի մնալ հիվանդանոցում, դեռ պարզ չէ:
Հիշեցնենք, որ պաշտպանական խումբը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու համար: Սակայն նիստը երեկ չի կայացել քննիչի բացակայության պատճառով և հետաձգվել է մինչև փետրվարի 26-ը: