Նորություններ

Միասին ստեղծենք 21-րդ դարին հարիր համալսարան. ԵՊԲՀ-ում դիմավորեցին ապագա բժիշկներին

Այսօր ԵՊԲՀ-ում օրը տոնական էր: Վաղ առավոտից այստեղ էին հավաքվել բժշկական համալսարան ընդունված թվով 646 առաջին կուրսեցիները:

Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտության և Ռազմաբժշկության ֆակուլտետներ ընդունված ապագա բժիշկներին, հերթով այցելելով տարբեր լսարաններ, ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Մեզ համար այսօրը շատ հիշարժան է, մեր մեծ ընտանիքը համալրվում է նոր ապագա բժիշկներով, նոր ուսանողներով: Համոզված եմ ձեզ համար այսօր ևս շատ վճռորոշ օր է, բացի այն, որ դուք հաղթահարելով դժվար քննությունները ընդունվել եք ԵՊԲՀ, դուք պետք է կրկին անցնեք դժվար 6 տարիներ, որը ավելի կմիավորի ձեզ»,-ասաց ԵՊԲՀ ռեկտորը՝ նշելով, որ շատ ուրախ է ապագա բժիշկներին ողջունել համալսարանի 100-ամյակի շեմին:

Արմեն Մուրադյանի հավելմամբ ՝ ԵՊԲՀ-ն արդեն 100 տարի ամբողջովին իր վրա է վերցրել մեր ժողովրդի առողջական խնդիրները, 100 տարի շարունակ կերտել ու պատրաստել է մասնագետներ, ովքեր տարբեր փորձություններում կարողացել են մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերել:

«Դուք մտնում եք մի ընտանիք, որտեղ առանց զգացմունքային գործակցի չեք կարողանալու հաղթահարել բժշկին վայել դժվար կեցվածքը, լուսավորչի և քաղաքացու բարձր կոչումը: Օրեր անց մեր համալսարանի դրոշի վրա զետեղվելու են բոլոր շրջանավարտների անունները՝ ներառյալ այս տարվա առաջին կուրսեցիների: Մենք կարող ենք իրար հետ ստեղծել 21-րդ դարին հարիր համալսարան: Երբեք ձեզ մի դիտարկեք որպես սովորողներ, որոնք անիրավ և առանց զգացմունքերի պետք է այցելեն և լրացնեն իրենց ժամերը, սիրեք և պահպանեք ձեր բուհը»,-հավելեց ԵՊԲՀ ռեկտորը:

Ապագա բժիշկներին ողջունեցին նաև ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմը ՝ շեշտելով, որ բարդ ու պատասխանատու ճանապարհին նրանք կոչված են ապաքինելու և փրկելու մարդկանց կյանքեր:

Ֆակուլտետի դեկանների կողմից առաջին կուրսեցիներին ներկայացվեցին նաև բժշկական համալսարանի պատմությունը, ունեցած ձեռքբերումները, կատարված և կատարվող աշխատանքները, ուսումնական գործընթացներին վերաբերող նրբությունները և ուսումնական գործընթացին վերաբերող այլ մանրամասներ:

 

 

Back to top button
Close