ՆորություններՔո ձայնը

«Ինչպես լողանալ մի բաժակ ջրով»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«1937թ. օգոստոսի 15-ին ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի ժողկոմ Նիկոլայ Եժովի կողմից ստորագրել էր «Հայրենիքի դավաճանների կանանց և երեխաների ռեպրեսիաների մասին» № 00486 հրամանը, որը տարածվում էր 1936 օգոստոսի 1-ից հետո ձերբակալված և Ռազմական կոլեգիայի/Ռազմական տրիբունալի կողմից պատժի առավելագույն (գնդակահարություն) և երկրորդ (տաս և ավելի տարիների կալանք, աքսոր) կատեգորիային դատապարտված «հայրենիքի դավաճանների, աջ տրոցկիստական լրտեսական-դիվերսիոն կազմակերպությունների» անդամների կանանց և երեխաների վրա: Ձերբակալված կանանց և երեխաների ողջ ունեցվածքը բռանագրավվում է, բացի անհրաժեշտ սպիտակեղենից և վրայի հագուստից, ձերբակալվածն իր հետ վերցնում է անկողին:

Ձերբակալվածների մեղադրական գործերում պարզապես գրվում էր ЧСИР — «член семьи изменника Родины-Հայրենիքի դավաճանի ընտանիքի անդամ»: Հայաստանում նույնպես, բնականաբար, ЧСИР — «Հայրենիքի դավաճանի ընտանիքի անդամ» կանայք ձերբակալվում են: Նոյեմբերն ձերբակալում են նաև Մարո Ալազանին՝ 1936 ի օգոստոսին ձերբակալված Վահրամ Ալազանի կնոջը; Մարո Ալազանը հուշեր է գրել իր և ամուսնու նկատմամբ կիրառված բռնությունների մասին, բայց հիմա ես դրա միայն մի դրվագին կանդրադառնամ; Կարելի կլիներ ասել՝ զվարճալի, բայց իրականում դժվարության թելադրած հմտությանը՝ «ինչպես լողանալ մի բաժակ ջրով»:

Մարո Ալազանը պատմում է, որ որոշ ժամանակ Երևանի ներքին բանտում պահելուց հետո կանանց տեղափոխում են Արարատյան դաշտում, Արաքս գետի մոտերքը, տափաստանի մեջ գտնվող բոլորովին մեկուսի մի շինություն, որին կանանց գաղութ շքեղ անունն էին տվել; Տեղը հստակ չգիտեմ, մի հարցրեք; Ըստ Մարո Ալազանի նկարագրության «դա ինչ որ մի սովխոզի խոզանոց էր եղել, մի հարկանի, մի դռնանի. բազմաթիվ փոքրիկ լուսամուտներով, 100 մետր երկրաությամբ, 50 մետր լայնությամբ մի շինություն:

Պատերը կառուցված էին մեծ-մեծ, անմշալ լեռնային քարերից, որոնց ճեղքերից տեսնում էինք գաղութի աշխատողների անցուդարձը:

Հատակը հողից էր; Առաստաղը ծածկված էր եղեգի ճյուղերով, և վրան՝ հողի մի բարակ շերտ: Կտուրը տեղ տեղ ծակ էր և լուսավորում էր մեր կամերան; Ներսում. խիտ շարքերով դրված էին հին ու ժանգոտած երկաթյա մահճակալներ, վրան գցած խոտի ներքնակներ: …

Կարիճները, սարդերը, ֆալանգները և բազմապիսի այլ միջատեր մեր մշտական հյուրերն էին, իսկ օձերը՝ հազվադեպ»: Այս շինությունում ապրում էր 240 կին: Կամերկո էր նշանակվել Վահան Թոթովենցի կինը՝ Լուսյա Թոթովենցը: Մյուս կամերակիցներից Մարո Ալազանը հիշատակում է Վարյա Բակունցին, Մարգո Բատիկյանին. Սերիկ Դավթյանին, Աստղիկ Եսայանին, Ռուզան Եսայանին, Մարգո Երզնկյանին, Ռուզան Կանայան-Եսայանին, Արուս Թադևոսյանին, լենինաանցի Արմիկ Խուրդոյանին, Մերի Մալխասյանին, Սիրուշ Մակինցին, Մուղդուսի Մարիային (ՆԳԺԿ-ժողկոմ,, «Բերիայի ագենտ» Խաչիկ Մուղդուսու քրոջը՝ եղբոր ձերբակալությունից հետո ), Շուշիկ Շամշյանին, Իզաբելլա Չարենցին, Արուսյակ Պողոսյանին, Աշխեն Սիմոնյանին, Արաքսյա Սիմոնյանին, Ռոզա Վինզբերգին, Վարդուշ Տարախչյանին, Քնարիկ Քոչարին:

Մարո Ալազանը գրում է.

«Ինը ամիս էր, ինչ Առաջին Կալ գաղութում էինք, բայց ոչ մի անգամ բաղնիք չէնք գնացել; Բոլորս խնդրում, աղաչում էինք, որ մեզ համար լողանալու հարմարություններ ստեղծեն, իզուր; Մեզ միայն մի բաժակ տաք ջուր էր տրվում՝ որպես թեյ: Լենինականից մեզ մոտ Սիրուշ անունով մի կնոջ էին բերել, որը բանտային մեծ ստաժ ու փորձ ուներ; Մի օր նա ասաց. «Աղջիկներ, եկեք ձեզ մի բաժալ տաք ջրով լողացնեմ»: Ես, Եվգինե Գալոյանը և Ռուզան Եսայանը մեր մեկ բաժակ թեյով գնացնք Սիրուշի մոտ «լողանալու»:

Գաղությում երեք հատ ցինկե տաշտեր կային, ամեն մեկս մի տաշտ առած նստեցինք Սիրուշի կողքին: Սիրուշը մեկ տաշտում լցրեց մեկ բաժալ թեյը և մեջը բրդեց մեկ կտոր ձեռքի սապոն, և ճաշի գդալները տաշտերի մեջ դնելով ասաց. «այնքան հարեցեք, մինչև տաշտը լցվի փրփուրով»: Երբ տաշտ լցվեց փրփուրով, սրբիչ մի մասը թաթախեցինք փրփուրի մեջ և քսեցինք մերկացած մարմիններիս այնքան, մինչև կեղտը քանդեց: Մյուս ծայրը թրջեցինք մաքուր ջրում, նորից քսեցինք արմիններիս և «լողացանք ու մաքրվեցնք»: ՄՆացած փրփուրի մեջ գլուխերս թաղեցինք և մազներս այնքան տրորեցինք, մինչև որ նրա վրայի փրփուրը անհետացավ: Հետո սանրի վրա հագցրինք բամբակ ու գլուխներս սանրեցինք մինչև բամբաի մաքրվելը, այդ նշան էր, որ գլուխներս մաքրվել է: Իսկապես «լողանալուց» հետո գլլուխներս ու մարիններս բավականին հանգստանում էր»:

Հույս ունեմ շուտով հրատարակված տեսնել Մարո Ալազանի բազմանյութ հուշերը: Այն ընդգրում է Հայոց Ցեղասպանությունից մինչև վաթսունական թվականների ժամանակաշրջանը»:

Ավելին
Back to top button