Նորություններ

Կոտայքում երկու անձի դաժան սպանության հետքերով՝ 34-ամյա բնակիչը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

Կոտայքի մարզի 34-ամյա բնակիչը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ երկու անձի դաժան սպանության համար։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների գործով դատավճիռն օրինական ուժ է ստացել օրերս՝ օգոստոսի 16-ին։

Սպանության զոհերը եւս Կոտայքի բնակիչներ են, որոնց մեղադրյալը ճանաչել է վաղուց։ Դատարանում նա ընդունել է մեղադրանքը, զղջացել կատարվածի համար, բայց հրաժարվել ցուցմունք տալուց: Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ նա նշել է, որ եղել է ալկոհոլի ազդեցության տակ, իսկ սպանությունն էլ տեղի է ունեցել վիճաբանության ժամանակ։ Սպանելուց հետո, զոհի՝ Վարդուհի Սիմոնյանի դիակի վրայից վերցրել է վզնոցը, թևնոցը, մատանին, ականջօղները և, որքանով հիշել է,  5000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև, Վարդուհու և մյուս զոհի՝ Սամվելի, անձնագրերը, բնակարանի բանալին և բջջային հեռախոսները։ Դիակները թաղել է  դաշտում՝ հոր եւ ընկերոջ հետ: Մեղադրյալը նաեւ պատմել է, որ դիակները թաղելուց հետո, դեպքի վայրից հեռացել են և «Չայնի» տանող ճանապարհին դեն է նետել  զոհերի  բջջային հեռախոսները, իսկ անձնագրերը պահել է տանը:

Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գտնվող հանդամասում հայտնաբերվել էր երկու դի՝  իգական ու արական սեռի։ Հետագայում պարզվել էր, որ նրանք դեռեւս սեպտեմբերից անհետ կորած համարվող  56-ամյա Վ. Սիմոնյանի և 53-ամյա Ս. Ալիխանյանի դիակներն են: Քննությամբ պարզվել էր սպանության հանգամանքները՝ եղանակը, մեղադրյալի ինքնությունը։

Քրեական գործի տվյալներով՝ Սամվել Ալիխանյանը և Վարդուհի Սիմոնյանը սպանվել են  2017թ. սեպտեմբերի 18-ին՝  Կոտայքում գտնվող առանձնատներից մեկում՝ Հրազդան քաղաքի` 1985թ. ծնված բնակչի կողմից կիրառված բռնության հետևանքով: Պարզվել է, որ տուժողները և Հրազդանի բնակիչը եղել են ծանոթներ, և դեպքի օրը վերջինիս հայրական տանը նրանց միջև գումարային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ 1985թ. ծնված տղամարդը ծեծել է նրանց, ապա մետաղական լարով խեղդամահ արել Սամվել Ալիխանյանին, այնուհետև մետաղական կշռաքարով հարվածներ հասցրել Վարդուհի Սիմոնյանի գլխին՝ սպանելով նրան:

Մեղադրյալի  հայրը՝ վկա Գ. Հակոբյանը, նշել է, որ սպանության օրը Վ. Սիմոնյանը, Ս. Ալիխանյանը և Լ. Հակոբյանը եղել են իրենց գյուղի տանը՝ Ջրառատում, որտեղ ոչ ոք չի բնակվում:

Սպանության դեպքի մանրամասները հայտնի են դարձել մյուս վկայի՝ Ս.Գեւորգյանի ցուցմունքներից, ով նրանց հետ գտնվել է  նույն տանը, բայց այլ սենյակում։ Նա պատմել է, որ  «ժամը մոտավոր 19.00-ի սահմաններում հյուրասենյակից լսել է խռխռոցի ձայներ, գնացել է հյուրասենյակի կողմը և տեսել, որ Լութոն երկու ձեռքով բռնել է Սամոյի վզից և խեղդամահ է անում, զարմացած ու վախեցած, թե էս ինչ է անում, նրան քաշել է դեպի միջանցք, որ հանգստացնի, սակայն այդ պահին Լութոն մի անսովոր, այլանդակված, անբացատրելի հայացքով նայել է վրան, աչքերը չռած,  նրա հայացքից այնպես է վախեցել, որ չի կարող նկարագրել: Հասկանալով, որ Լութոն անմարդկային կերպարի մեջ է»։ Վկան հայտնել է նաեւ, որ  վախից սեղանից վերցրել է նրա հեռախոսը ու զանգել Լութոյի հորը: Այդ ընթացքում հյուրասենյակից էլի Սամոյի խռխռոցն է լսել, իսկ երբ վախեցած մոտեցել է հյուրասենյակ, տեսել է, որ արդեն Սամոն մահացած է՝ Լութոն մի անմարդկային, վախենալու հայացքով կողքը կանգնած։ Նորից գնացել է ննջասենյակ` ռեալ վտանգ զգալով նաև իր կյանքի նկատմամբ, իսկ Վարդուհին և Լյութոն մնացել են հյուրասենյակում, երբ  քիչ անց լսել է Վարդուհու անմարդկային ոռնոցները, բայց Լութոն շարունակել է նրան տանջել:

Վկայի զանգից հետո գյուղի տուն է շտապել նաեւ հայրը, բայց արդեն ուշ է եղել։

Դիակները երեքով՝ մեղադրյալը, նրա հայրը եւ վկան, պոլիէթիլենային թաղանթով և կպչուն ժապավենով փաթաթել են, ապա տարել ու թաղել են դաշտում, որտեղ էլ  հայտնաբերվել են շուրջ 1,5 ամիս անց։

Դեպքից հետո վկան լքել է Հայաստանը, եւ վերադարձել միայն ամիսներ անց, երբ մեղադրյալը ձերբակալվել է։

Կոտայքի մարզի 34-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածներով՝ երկու անձի սպանության, գողության, զենք-զինամթերքի ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ անձնագրեր հափշտակելու համար։ Դատարանը բոլորն էլ հիմնավորված է համարել ու որպես վերջնական պատիժ նշանակել  24 տարվա ազատազրկումը։

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button