Նորություններ

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 41–ամյա քաղաքացին «Բելառուս» մակնիշի տրակտորը կայանել է, որից հետո սայթաքել ու անզգուշաբար դիպել է մամլիչ սարքին. նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ, 41-ամյա Մհեր Մ.-ն, վարելով «Բելառուս» մակնիշի տրակտորը, «Արփավուտ» կոչվող հանդամասում կայանել է, որից հետո տրակտորն ինքնաբերաբար շարժվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մհեր Մ.-ն փորձել է կանգնեցնել տրակտորը, սակայն այդ ընթացքում ոտքը սայթաքել է և նա անզգուշաբար դիպել է տրակտորի հետնամասում տեղակայված մամլիչ սարքին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և քաղաքացիների ու Արտակարգ իրավիճակների նախարարութւան փրակարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարների օգնությամբ պատգարակով երկար ճանապարհ տեղափոխվել է երթևեկելի գոտի ժամանած Դիլիջանի շտաօպօգնության մեքենայի մեջ, որտեղից էլ տեղափոխվել է Դիլիջան քաղաքի «Տավուշ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Back to top button