Հանրապետության հրապարակից մինչև Աբովյան պուրակ, 19-րդ դարից՝ մեր օրեր. ինչպիսի՞ն է մայրաքաղաքի առաջին փողոցն այսօր

Ըստ Երևան քաղաքի գլխավոր նախագծի՝ Աբովյան փողոցը մայրաքաղաքի առաջին փողոցն է։ Այն կառուցվել է XIX դարի կեսերին: 1883 թվականին այն վերանվանվեց Ալեքսանդրովսկայա՝ Ալեքսանդր Երրորդի պատվին։ 1869 թվականին ի պատիվ Երևանի 1864-1869 թվականների նահանգապետ գեներալ-մայոր Աստաֆևի՝ կոչվեց Աստաֆևսկայա: Ժողովուրդն այն անվանում էր հայկական Աստաֆյան տարբերակով։ Քանի որ սա քաղաքի առաջին պլանավորված փողոցն էր, ապաժողովուրդը «պլան» ասելով հասկանում էր Աստաֆյան փողոցը, իսկ «Պլանի գլուխ» ասելով հասկանում էին, և մինչև այժմ էլ այդպես է ենթադրվում, փողոցի վերևում գտնվող Աբովյան պուրակը, որտեղ տեղադրված է Խաչատուր Աբովյանի արձանը։
Փողոցը կառուցապատված էր Belle Époque (գեղեցիկ դարաշրջան) ոճի առանձնատներով։ Հետագայում փողոցը կոչեցին հայ նոր գրականության, մանկավարժության հիմնադիր, գրող, ազգագրագետ, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անվամբ, ու մինչև այժմ փողոցն այդ անունն է կրում։ Այստեղ են գտնվել այնպիսի հայտնի հյուրանոցներ, ինչպիսիք են «Ֆրանսիա», «Օրիանտ», «Գրանդ հոթել», նաև բժշկական կենտրոններ, քաղաքային ակումբներ։
Աբովյան փողոցում էին գտնվում քաղաքի ճարտարապետական հնագույն կոթողներից երկուսը՝ Պողոս-Պետրոս և Կաթողիկե եկեղեցիները, որոնք դասվում էին Հայաստանի նյութական մշակույթի հնագույն հուշարձանների շարքին։ Պողոս-Պետրոսը հինգերորդ դարի, իսկ Կաթողիկեն տասներեքերորդ դարի կոթողներ էին։ Առաջինը գտնվում էր ներկա «Մոսկվա» կինոթատրոնի տեղում, իսկերկրորդը՝ Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների անկյունում։
Աստաֆևսկայա փողոցը ժամանակին դարձավ Երևանի ամենաբարեկարգ փողոցը։ Նրա երկու կողմերում հոսում էին կարկաչահոս առուներ, որոնց ջրերով ամռանը ջրում էին փողոցը և այն բարդիները, որոնք բարձրանում էին փողոցն ի վեր և նրան տալիս ուշագրավ գեղեցկություն։ Բայց այդ ծառերին վիճակված չէր երկար կյանք ունենալ։ Պատճառը եղել է հետևյալը. երբ Երևանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը երեկոյան դուրս է եկել Աստաֆևսկայա փողոցում զբոսնելու, բարդիների արանքից նրա վրա կրակել են։
Այդ դեպքից տուժեցին փողոցը զարդարող հոյակապ բարդիները. նահանգապետի հրամանով դրանք անխնա կտրատվեցին։ Միայն մի քանիսն են փրկվել, որոնք պահպանվում էին համալսարանի հին շենքի դիմաց և Ստեփան Շահումյանի անվան քաղաքական լուսավորության հանրապետական տան շենքի առջև, ուր այդ բարդիներից մեկը որպես «վերջին մոհիկան» կանգուն էր մինչև վերջերս։