Նորություններ

Գագիկ Խաչատրյանը փախչելու մտադրություն չի ունեցել, նա բուժումը թողել եւ վերադարձել է. փաստաբան

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի բնակության վայրերում կատարված խուզարկությամբ ընդամենը հայտնաբերվել են օրինական զենքեր, որոնք առգրավվել են:

Այս մասին քիչ առաջ ԱԱԾ-ի մոտ հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց ձերբակալված Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտպանական թիմը բաղկացած է 5 փաստաբանից, որովհետեւ գործը չափազանց ծավալուն է:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ են փնտրել խուզարկության ժամանակ, պաշտպանը նշեց, որ գործի հետ կապ ունեցող փաստաթղթեր, որոնք չեն գտել, հետեւաբար՝ իրեն հայտնի չէ, թե ինչ են որոնել:

«Չնայած եղել է բերման ենթարկելու որոշում, սակայն, ըստ ինձ, ձերբակալելու կարիք չի եղել: Գագիկ Խաչատրյանը փաստաթղթի հիման վրա ինքնակամ ներկայացել է, որը ես բերման ենթարկել չեմ համարում: Կոնկրետ ձերբակալելու համար կամ հանցագործության կանխում են ապահովում կամ փախուստի կանխում, որը չի եղել: 2010, 2015, 2016 թվականների հետ կապված կասկածանքներ են ներկայացվել, ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածին են վերագրվում որոշ կասկածներ, չի կարող ձերբակալում լինել 2010 թվականի դեպքի հետ կապված, եթե անգամ հանցանք կա, 2010 թվականի դեպքի համար չի կարող նա հաստատ ձերբակալվել:»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով. «Գագիկ Խաչատրյանը այս տարի, կիսատ թողնելով Գերմանիայում իր բուժումը, վարույթն իրականացնող մարմնի կանչով ժամանել է Հայաստան՝ իմանալով, որ իր նկատմամբ քրեական գործ կա հարուցված, այսինքն նա փախուստի մտադրություն չունի, ավելին՝ արդեն մոտ 6 ամիս նա ստորագրություն ունի չհեռանալու մասին մեկ այլ քրգործով, ՀՔԾ-ի, այսինքն անձը երկիրը լքելու մտադրություն չունի (պաշտպանի խոսքով, իր պաշտպանյալը 6 անգամ Գերմանիայում վիրահատության է ենթարկվել, ունի ողնաշարի հետ խնդիրներ, ունի Գերմանիայի համապատասխան կլինիկայի րոֆեսորի կողմից տրված փաստաթուղթ, որ մշտապես պետք է գտնվի բժշկի հսկողության տակ, այլապես կարող է անգամ խնդիրը հաշմանդամության հասնել)»:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Գ. Խաչատրյանի կողմից տասնյակ միլիոնավոր դոլարների վատնման վերաբերյալ այսօրվա հայտարարության մասին խոսելիս, Սարգսյանը նշեց, որ միլիոնները կապ չունեն, կան կասկածներ, որ ՊԵԿ-ում եղել են աշխատողներ, որոնք գրանցված են եղել, բայց աշխատանքի չեն հաճախել ու աշխատավարձ են ստացել, բայց դեռ պետք է ճշտվի, թե ինչքանով Գագիկ Խաչատրյանը կապ ունի այս ամենի հետ: «Այստեղ էլ տասնյակ միլիոնավոր դոլարների մասին չենք կարող խոսել, տասնյակ միլիոնավոր դրամների այդ չարաշահումները կարող էին հասնել, բայց դոլարների՝ ոչ»,- եզրափակեց նա:

Երեմ Սարգսյանը հավելեց, որ Գագիկ Խաչատրյանը փաստաբանի հետ չի քննարկել միլիոնավոր դոլարների վատնման մասին որեւէ բան:

Փաստաբանը նաեւ հայտնեց, որ Գ. Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը եւս կասկածյալ է, խուզարկություն եղել է նրանց համատեղ սեփականության տարածքում:

Գագիկ Խաչատրյանը ձերբակալությունից հետո հարցաքննվել է, ըստ փաստաբանի՝ գործի շրջանակում եղել են բազմաթիվ հարցաքննություններ:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն ու նրա եղբորորդին ձերբակալվել են այսօր: Նրանք կասկածվում են առնաձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

armtimes.com

Back to top button
Close